12:50  ,  30 մայիսի, 2019

Պայմանավորված խաղերի համար ազատազրկված Գագիկ Սիմոնյանը վերադառնում է մարզչական աշխատանքի

Իմ գործը կարճվել է եւ արդարացվել եմ: Դիմել եմ ՀՖՖ մարզչական արտոնագիրս վերականգնելու համար: Արդեն առաջարկ ունեմ Երեւանի «Արարատից», բայց չեմ կարող գլխավորել թիմը, քանի դեռ Pro լիցենզիա չունեմ: Անելու եմ ամեն ինչ, որ վերականգնվի արդարությունը եւ վերադարձնեմ իմ անունը հայկական ֆուտբոլում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երեւանի «Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, որը 2015 թվականի դեկտեմբերի 24-ից մինչեւ 2016 թվականի հուլիսի 25-ը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի հատկանիշներով: Սիմոնյանը ձերբակալվել էր պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով:

Գագիկ Սիմոնյանը մայիսի 24-ին արդարացվել է, սակայն այս գործով ձերբակալված մյուս 3 անդամները չեն արդարացվել:

«Ուրախ եմ, որ արդարությունը հաղթեց, կարողացա ապացուցել, որ ես որեւէ գործարքի եւ ոչնչի հետ կապ չունեմ: Դրանով ես կարողացա արդար դուրս գալ իմ ընտանիքի, ընկերների եւ այն մարդկանց առջեւ, որոնք չէին հավատում ինձ: Ուրախ եմ, որ այժմ մաքուր անունով կարող եմ կրկին մտնել ֆուտբոլի ասպարեզ: Ինձ ձերբակալել էին խաղերի առք ու վաճառքի համար: Ես 3 տարի 5 ամիս փորձեցի ապացուցել իմ անմեղությունը: 2019 թվականի մայիսի 24-ին ֆուտբոլի ֆեդերացիան ինձ արդարացրեց: Այս ընթացքում ես շատ խնդիրների միջով անցա, շատ եմ տանջվել: Միայն ես գիտեմ, թե ինչի միջով եմ անցել: Երեւի մեղքն իմ վրա բարդողների ցանկությունն էլ հենց այդ էր, որ ես կորցնեի մտածելու կարողություն, խելագարության հասնեի, բարդեին ամեն ինչ ինձ վրա ու փակվեր այս թեման:

Մայիսի 24-ից հետո գնացել եմ ֆեդերացիա, հանդիպել Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հետ եւ հայտարարել՝ կամ իմ լիցենզիայի հարցը լուծվում է, կամ ես առաջին հարկում հացադուլ եմ անում: Դրանից հետո հանդիպեցի նաեւ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Մեկ շաբաթ անց ֆեդերացիայի նախագահը կարգադրել է, որ ինձ տրամադրեն իմ լիցենզիան, ինչի համար շնորհակալ եմ: Իրականում, խաղադրույքներ եղել են այդ ժամանակ եւ խոսքը շատ մեծ գումարների մասին է՝ 2,5 մլն դոլարի: Այդ խաղադրույքները եղել էին Հայաստանից դուրս: Ինձ օգնեց ապացուցել անմեղությունս մի դրվագ՝ հեռախոսազրույցի ձայնագրություն, որտեղ ինձ առաջարկում էին փոխել այս խաղի դարպասապահին: Ես չհամաձայնեցի փոխել, հենց սրանով էլ կարողացա ապացուցել, որ չեմ մասնակցել այդ խարդախությանը: Եթե ես ցանկանայի խաղադրույքներ կատարել, վաղուց կանեի ու միլիոններ կշահեի: Բայց ավելի լավ է ես իմ արդար աշխատավարձով 1000 դրամ տամ որդուս՝ իրեն պաղպաղակ գնի, քան կեղտոտ փողերով: Այժմ մտածում եմ ֆուտբոլ վերադառնալու մասին: Արդեն ունեմ առաջարկ Երեւանի «Արարատից»: Դեռ բանակցային փուլում է, բայց, երեւի, կստորագրեմ պայմանագիր եւ կօգնեմ թիմին: Դեռ չեմ կարող գլխավորել թիմը: Պայքարելու եմ, ամեն ինչ անելու եմ, որ այս ընթացքում ինձ կպած այդ պիտակը մաքրվի իմ անունից եւ նորից նոր ուժով մուտք գործեմ հայկական ֆուտբոլ եւ չեմպիոնության հասցնեմ այն թիմին, որտեղ կաշխատեմ»,- ասաց Գագիկ Սիմոնյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս