14:09  ,  28 մայիսի, 2019

Խինես Մելենդեսը` Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տեխնիկական տեսուչ

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է անգլիական «Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպման՝ ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մադրիդ մեկնելուց առաջ Խինես Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է տեխնիկական տեսուչի պարտականությունների մասին եւ կիսվել եզրափակիչից իր ակնկալիքներով:

Պարոն Մելենդեսորքա՞ն ժամանակ է, որ համարվում եք ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ:

Արդեն շուրջ 10 տարի:

Ի՞նչ է մտնում ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչի պարտականությունների մեջ:

Տեխնիկական տեսուչները դիտում են խաղերը, վերլուծում դրանք տեխնիկական տեսանկյունից եւ զեկուցում իրենց տեսածը: Այս ամենի հիման վրա հետագայում կազմվում են ՈւԵՖԱ-ի տեխնիկական զեկույցները՝ փաստաթղթեր, որոնք վերլուծում են մրցաշարը տեխնիկական եւ տակտիկական տեսանկյունից՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների գործողությունների, գոլերի եւ կարեւոր դրվագների վրա:

Զեկույցը երկու հիմնական նպատակ ունի.

  1. Ապահովել ՈւԵՖԱ-ի՝ տարբեր կարգի արտոնագրեր ունեցող մարզիչներին տեղեկատվությամբ եւ նրանց հնարավորություն տալ գիտելիքներ ձեռքբերել եվրոպական ակումբային մրցաշարերի տակտիկական ամենավերջին տենդենցների վերաբերյալ:
  2. Ձեւավորել ժառանգություն, այսինքն փաստաթղթավորել մրցաշարի պատմությունը՝ տեխնիկական եւ տակտիկական տվյալների ամբողջության տեսքով: 

Դուք ներկայացրիք պարտականությունների ընդհանրական պատկերը, իսկ ի՞նչ պարտականություններ ունեք՝ կոնկրետ եզրափակչի հետ կապված:

Այլ տեսուչների հետ միասին դիտելու ենք հանդիպումը, որոշելու ենք հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Բացի այդ, ինչպես եւ նախորդ տարիներին, մի քանի օրից որոշելու ենք մրցաշարի լավագույն գոլերը եւ կազմելու ենք խորհրդանշական հավաքականը: Որպես տեխնիկական տեսուչ՝ առաջին անգամ ներկայացնելու եմ Հայաստանը:

Նշեցիք այլ տեսուչների մասին: Ի՞նչ հայտնի անուններ կան ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչների ցանկում: 

Այս տարի այդ բարձր պատվին արժանացել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, գերմանացի հանրահայտ մարզիչ Թոմաս Շաաֆը եւ այլն: Նախորդ տարիներին եւս կազմը եղել է շատ ներկայացուցչական՝ սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆաբիո Կապելո, Քրիստիան Կիվու, Ռայան Գիգզ, Դեյան Ստանկովիչ եւ այլոք: 

Ի՞նչ սպասելիքներ ունեք եզրափակչից:

Եզրափակչում «Բարսելոնային» էի սպասում: Կուզեի Մեսիին հանդիպել, բայց «Լիվերպուլն» արժանի հաղթանակ տարավ: «Տոտենհեմը» եւս զարմացրեց: Նմանատիպ խաղաոճերով, հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմեր են, ուստի շատ հետաքրքիր մրցավեճ եմ ակնկալում: Որոշիչ կլինի թիմային արագության գործոնը: Ի վերջո, կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով