16:04  ,  27 մայիսի, 2019

Արթուր Ալեքսանյան. Սա շատ կարեւոր հաղթանակ էր

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ իմ կողքին միշտ լինելու համար։ Սա շատ կարեւոր հաղթանակ էր։
Շարժվում ենք առաջ՝ դեպի Եվրոպական խաղեր»,- Instagram-ում գրել է Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը չորս հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր ռուս Ալեքսանդր Գոլովինին: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուսաստանը ներկայացնող Դանիլա Սոտնիկովը եւ Նիկիտա Մելնիկովը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հանդես էին եկել նաեւ 60 կգ քաշայիններ Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը եւ 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը, որոնք մեդալ չեն նվաճել:

Դա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցաշարն էր վնասվածքից ապաքինվելուց հետո: Նա ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում