22:20  +04,  25 մայիսի, 2019

Արթուր Դավթյանը 5 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթից» վերադառնում է 5 մեդալով, որից 3-ը ոսկե:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մայիսի 24-25-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած  «Դիտյատինի գավաթում» Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու երիտասարդ Գագիկ Խաչիկյանը ընդհանուր հաշվարկով 7 մեդալ են նվաճել՝ 4 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ: Հայ մարմնամարզիկները թիմային հաշվարկում զբաղեցրել են առաջին տեղը: Գավաթի մեկնարկային օրը Արթուր Դավթյանը բազմամարտի մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, Գագիկ Խաչիկյանը՝ 4-րդ տեղը գրավել: Մայիսի 25-ին առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը հաղթողի կոչումը նվաճել է երկու գործիքների վրա, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ մեկ։

«Շատ լավ եմ գնահատում մեր թիմի մասնակցությունը: Այս մրցաշարում կարգն այնպես էր, որ յուրաքանչյուր երկրից պետք է երկուական մասնակից լիներ՝ մեկը մեծահասակներից, մյուսը՝ երիտասադներից: Արթուր Դավթյանից շատ գոհ եմ: Ոսկե մեդալ նվաճեց բազմամարտում, ինչը հրաշալի արդյունք է բազմամարտի համար, ոսկե մեդալակիր դարձավ նաեւ իր հիմնական գործիքի՝ հենացատկի եւ նժույգի վարժություններում: Օղակների եւ ազատ վարժություններում արծաթե մեդալակիր դարձավ: Էլեմենտներ էինք ավելացրել պտտաձողի վարժությունում եւ Արթուրը շատ լավ կատարեց այն: Ի դեպ՝ պտտաձողը մեր ամենաթույլ գործիքն է: Այս մրցաշարը մեզ շատ հարկավոր էր, քանի որ որոշակի փոփոխություններ էինք կատարել, բարդացրել էինք մի քանի վարժություններ, քանի որ առջեւում Եվրոպական խաղերն են եւ մեզ պետք էր հասկանալ, թե ինչպես է Արթուրը կարողանում կատարել փոփոխված վարժությունները: Հենց այս ծրագրով ու փոփոխված, բարդեցված վարժություններով էլ հանդես կգանք Եվրոպական խաղերում:

Գագիկ Խաչիկյանի մասնակցությունն էլ է ինձ գոհացնում, քանի որ իր առջեւ դրված խնդիրները լիարժեք կատարեց: Նժույգի վարժությունում ոսկե մեդալակիր դարձավ, պտտաձողի վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց, ինչն անակնկալ էր: Գագիկ Խաչիկյանին նպատակային ընդգրկեցինք այս մրցաշարին: Նրա համար ավելի շատ փորձություն էր «Դիտյատինի գավաթը»: Եվրոպական խաղերի օրերին  մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ  անցկացվելու է աշխարհի երիտասարդների առաջնություն, որին մասնակցելու է Գագիկ Խաչիկյանը: Միայն նա է մասնակցում: Գագիկը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նժույգի վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Նրա վարժությունը բարդացրել ենք եւ այս գավաթում փորձարկեցինք աշխարհի առաջնության համար: Առաջնությունը կայանալու է Հունգարիայում:

Թիմային հաշվարկում առաջին տեղն ենք գրավել: Սա ուղղակի հրաշալի արդյունք էր եւ ինձ համար շատ անսպասելի: Մարմնամարզությունում ամենալավ ոսկին բազմամարտի ոսկե մեդալն է:

Այժմ կնախապատրաստվենք Եվրոպական խաղերին: Հայաստանի թիմը՝ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը հունիսի 8-22-ը Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանենք Եվրոպական խաղերի համար, որն իրականացնում է ՀԱՕԿ-ը: Չնայած Եվրոպական խաղերին հանդես կգանք 3 մասնակցով, բայց մեզ հնարավորություն է տրվել հավաքին թիմի կազմ ընդգրկել նաեւ Արթուր Ավետիսյանին, քանի որ նա էլ պատրաստվում է Համաշխարհային Ունիվերսիադային:

Այս հավաքի ընթացքում Արթուր Դավթյանի հենացատկի վարժությունում կփորձարկենք երկրորդ ցատկը՝ բարդացված տարբերակով, բայց դա նախատեսված կլինի աշխարհի առաջնության համար: Արթուր Դավթյանի վարժությունում դեռ աշխատելու տեղ կա աշխարհի առաջնության համար: Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր միակ հույսը հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունն է»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ Հակոբ Սերոբյանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում լինելու է մրցավար: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: