17:05  ,  24 մայիսի, 2019

Ի՞նչ կանի Գաբրիել Ղազարյանը, եթե պարզվի, որ Գեւորգ Լոռեցյանը տեղյակ է եղել ՀԹՖ նախագահի ընտրությունից

Եթե իմ տեղակալ Գեւորգ Լոռեցյանը տեղյակ է եղել այս ամենից, իսկ ես ոչ, միանշակ գուցե կարիք լինի վերանայեմ նրա իմ տեղակալ լինելու հարցը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Ըստ նախարարի, մայիսի 24-ին ԵԿՄ շենքում կայացած Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների մասին ինքը տեղյակ չի եղել։

Սակայն ընտրությունները վիճարկող կողմը պնդում է, որ ընտրություններն անցել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի աջակցությամբ եւ, որ Գեւորգ Լոռեցյանը տեղյակ է, որ ասօր ֆեդերացիայի ղեկավարությունը համագում էր անցկացնելու եւ նախագահ ընտրելու։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Երկրապահ կամավորների միության շենքում նախատեսված էր ՀԹՖ համագումար, որի օրակարգում նոր նախագահի ընտրության հարցն էր: Համագումարի ընթացքում ՀԹՖ նախագահ ընտրվեց Դավիթ Պողոսյանը։

«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում խնդիրներ լինելու մասին վաղուց եմ տեղյակ եղել։ Նախարարության դիրքորոշումն այն էր, որ պետք է օրինական դաշտում լուծվեին խնդիրները, մասնավորապես,  ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցի շուրջ ստեղվծած այս տարաձայնությունները։ Նախարարությունը հայտարարել էր, որ ֆեդերացիայի ղեկավարությունը զերծ մնա անօրինականություններից եւ բոլորի մասնակցությամբ, նախագահության անդամների, ֆեդերացիայի անդամ հանդիսացող անձանց մասնակցությամբ անցկացնի նախագահի ընտրություններ իրենց թեկնածուներով։

Թաեքվոնդոյի ֆեդերացիան հանդիսանում է հասարակական կազմակերպություն եւ պետական օղակն իրավունք չունի ներխուժել իրենց ներքին քաղաքականության մեջ։ Մենք հորդորեցինք, որպեսզի նախագահի ընտրություններն անցկացնեն արդար եւ օրենքով ընտրություն։ Բայց եթե այսօր անցկացվել է ընտրություն, ես դա կորակեմ որպես ծածուկ ընտրություն՝ օրինականությունից դուրս։ Մենք որպես նախարարություն պարտավոր էինք իմանալու, որ այսօր նախատեսված է համագումար եւ այդ համագումարի օրակարգում նախագահի ընտրության հարցն է։ Եվ այդ պարագայում մենք՝ նախարարությունը պետք է ունենար ներկայացուցիչ այդ համագումարում, որպեսզի հետեւեր արդար ընտրություն կայանալուն։

Կարճ ժամանակահատվածում լուծում կգտնենք կայացած ընտրությունների անվավեր ճանաչումը, բայց երբ օրենքով փաստաթղթով արձանագրվի, որ տեղի է ունեցել ընտրություն եւ ընտրվել է նախագահ։ Շատ կարճ ժամանակում այս ամենը կարվի։ Հասել է այն վիճակին, որ նախարարությունը պարտավոր է բարձրաձայնելու իր դիրքորոշումը։ Կփորձենք լծակ գտնել ազդելու ՀԿ-ի կողմից կազմակերպվող արդար ընտրություններին։ Կդիմեմ Արտակ Զեյնալյանին, որ ուսումնասիրի հասարակական կազմակեպության իրականացրած ընտրությունը եւ օրենքի ուժով ճանաչի անվավեր։ Մեր նպատակն ու ցանկությունը արդար ընտրության կայացումն է, թե ով կլինի ֆեդերացիայի նախագահ, մեզ չի վերաբերում»,– ասաց Գաբրիել Ղազարյանը։

Բողոքի ակցիա իրականացնող մարզիկներն ու մարզիչները նախարարի՝ դիրքորոշումը եւ կայացած ընտրությունն անօրինական գնահատելն ընդունեց ծափերով։

ՀԹՖ նախագահի ընտրությունը վիճարկող կողմի պնդմամբ, ֆեդերացիայի գործունեությունն ու կայացած համագումարը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոեռցյանի հովանավորությամբ են տեղի ունենում։ Գաբրիել Ղազարյանի խոսքով ինքը եւ Գեւորգ Լոռեցյանը նույն գործն են անում։

«Մենք ընդհանուր աշխատանք ենք կատարում եւ նույն գործն ենք անում՝ մինչ օրս հորդորում էինք գործել օրենքի շրջանակներում։ Չէինք ցանկանում միջամտել, քանի որ հասարակական կազմակերպություն էր։ Բայց լավ գիտեք՝ երբ ներխուժում ենք որեւէ ֆեդերացիայի գործունեության մեջ, մեր ֆեդերացիաներն ասում են՝ մի խառնվեք։ Ես կրկնվում եմ, որ տեղեկություն չեմ ունեցել, որ այսօր ընտրություն պետք է կայանա։ Ինձ չի զեկուցվել։ Բայց չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչպես է ստացվել, որ իմ տեղակալ Գեւորգ Լոռեցյանն իմացել է կայանալիք ընտրության մասին, ես՝ ոչ»,– նկատեց Գաբրիել Ղազարյան։

Հարցին, թե չզեկուցվելու համար Գեւորգ Լոռեցյանի՝ նախարարի տեղակալի պաշտոնավարումը կվերանայվի՞, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց.

«Միանշանակ»։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջամտության եւ հովանավորչության մասին հարցին սպորտի նախարարն արձագանքեց, որ իր համար անհասկանալի է դա։

«Ես չեմ հասկանում՝ ինչու ֆեդերացիան պետք է լինի ԵԿՄ ազդեցության տակ։ Ես դա գտնում եմ սխալ։ Ֆեդերացիան ինքն իրենով պետք է աշխատի, որեւէ մեկի ազդեցության տակ պետք է չլինի։ Աշխատի պետական օղակի, այսինքն՝ սպորտի նախարարության հետ միայն»,– նկատեց նախարարը։

Անդրադառնալով թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը բաց թողելուն, նախարարը նշեց, որ չմասնակցելու պատճառներն իր համար կասկածելի են եւ դեռ կուսումնասիրի։

«Չեմ ցանկանում առայժմ անդրադառնալ եւ մեկնաբանել Հայաստանի թիմի՝ աշխարհի առաջնությանը չմասնակցելու հարցի մասին։ Չեմ ուզում այս հարցին պատասխանել, մոտավոր ինքս իմ մեջ գիտեմ պատասխանը, բայց չեմ պատասխանի։ Ժամանակը կգա, երբ հստակ իմանամ պատասխանը, կհայտարարեմ։ Իհարկե կասկածներ ունեմ՝ ինչու Հայաստանի թիմը չի մասնակցում աշխարհի առաջնությանը։ Ինձ համար կասկածելի է, այն պարագայում, երբ սպորտի նախարարությունը ֆինանսավորել էր այն 5 մլն դրամի չափով։ Բայց այնպես չի, որ այդ գումարը տվել ենք նրանց ձեռքը։ Ուրիշ ոչնչի վրա չեն կարող այդ գումարը ծախսել, քանի որ պետք է հաշվետվություն ներկայացնեն։ Այդ գումարը կծախսվի այլ մրցաշարերի համար։ Իսկ աշխարհի առաջնությանը չմասնակցելու պատճառները դեռեւս կուսումնասիրվեն»,– նշեց Գաբրիել Ղազարյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում