Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ» խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի առաջնության խաղերը, 2011-ից ՖԻՖԱ-ի մրցավար է: Մայիսի 26-ին կայանալիք այդ հանդիպումը վերջինը կլինի «Փյունիկի» համար ավարտվող մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ 35-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Արցախ» խաղը (մայիսի 24) եւս կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմ՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ։
«Ալաշկերտ» - «Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան» - «Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցավ սկանդալային միջադեպ, որը կարող է Երեւանի «Փյունիկին» զրկել չեմպիոնությունից: «Փյունիկի» եւ «Լոռիի» միջեւ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ անորոշ ժամանակով որակազրկել է «Լոռի» - «Փյունիկ» (2:2) խաղը սպասարկած Արտակ Սիմոնյանին:
Այդ ոչ ոքիից հետո առաջատար «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում