11:22  ,  24 մայիսի, 2019

Հայտնի է «Փյունիկ» - «Արարատ» հանդիպման իսպանացի մրցավարը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ» խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի առաջնության խաղերը, 2011-ից ՖԻՖԱ-ի մրցավար է: Մայիսի 26-ին կայանալիք այդ հանդիպումը վերջինը կլինի «Փյունիկի» համար ավարտվող մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ 35-րդ տուրի «Արարատ-Արմենիա» - «Արցախ»  խաղը (մայիսի 24) եւս կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմ՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ։

 «Ալաշկերտ» - «Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան» - «Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցավ սկանդալային միջադեպ, որը կարող է Երեւանի «Փյունիկին» զրկել չեմպիոնությունից: «Փյունիկի» եւ «Լոռիի» միջեւ Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ անորոշ ժամանակով որակազրկել է «Լոռի» - «Փյունիկ» (2:2) խաղը սպասարկած Արտակ Սիմոնյանին:

Այդ ոչ ոքիից հետո առաջատար «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով