09:25  ,  24 մայիսի, 2019

Վալոդյա Ֆրանգուլյան․ Վիրահատությունից հետո լիարժեք ապաքինվել եմ եւ պատրաստ եմ նոր շնչով, նոր պայքարի

Նպատակս Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերն են: Ուղեգիր նվաճելու համար հնարավոր ամեն ինչ անելու եմ: Իսկ առջեւում դեռ Եվրոպական խաղերն են, որին մեծ ցանկություն ունեմ մասնակցելու, կարեւորն այն է, որ վմասվածքից եւ վիրահատությունից հետո լիարժեք ապանքինվել եմ եւ պատրաստ եմ նոր շնչով, նոր պայքարի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, որը վնասվածքից եւ 7-ամսյա դադարից հետո վերադարձել է մրցագորգ եւ հնարավոր է՝ մասնակցի հունիսին կայանալիք Եվրոպական խաղերին:

Մայիսի 10-12-ը Կիեւում կայացած միջազգային մրցաշարում Վալդոյա Ֆրանգուլյանը արծաթե մեդալ էր նվաճել: 3 հաղթանակ տանելուց հետո եզրափակիչում Ֆրանգուլյանը 0:11 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանին:

Վալոդյա, տեւական դադարից եւ վիրահատությունից հետո դու կրկին մրցագորգում ես: Կիեւի մրցաշարը առաջին լուրջ փորձությունդ էր: Կարո՞ղ ենք համարել վերադարձդ հավաքական:

Վնասվածքից հետո սա իսկապես իմ առաջին լուրջ մրցումն էր: Բայց չեմ կարող Կիեւի մրցաշարն անվանել իմ վերադարձը, քանի որ հավաքականից չէի հեռացել. մշտապես եղել եմ հավաքականում,  մարզվել թիմի հետ: Երկար ժամանակ չէի գոտեմարտել: Դեռ վաղուց էի ուզում մրցագորգ դուրս գալ, բայց պետք է համբերեի, որ վնասվածքս հանկարծ չկրկնվեր եւ այսքան սպասելն իր արդյունքը տար:

Կիեւում նվաճեցիր արծաթե մեդալ

Ուրախ եմ, որ Կիեւից վերադարձա գոնե մեդալով: Ես միշտ մրցագորգ եմ դուրս գալիս հաղթելու համար: Բայց այս մրցաշարում կարելի է ասել՝ երկու նպատակ ունեի՝ նախ որ հաղթանակ տոնեմ, մեդալ նվաճեմ ու նաեւ հանկարծ վնասվածքս չթարմացնեմ: Առաջին երկու գոտեմարտերի ընթացքում շատ զգույշ էի ու նույնիսկ լարվում էի այդ փաստից, որ որեւէ խնդիր չառաջանա, հետո արդեն 3-րդ գոտեմարտից զգացի ու հասկացա, որ, իրոք, ամեն ինչ լավ է եւ, կարծես, ինձ ոչինչ չի խանգարում գոտեմարտելիս: Այս մրցաշարում նաեւ փորձում էի վերհիշել եւ վերապրել մրցումային իրավիճակները: Գուցե դու մշտապես մարզվես, լինես լավ մարզավիճակում, մարզադահլիճում, թիմի հետ, բայց երբեք նույնը չէ՝ երբ դու մրցագորգում ես։ Զգացողությունները այլ են:

Ի դեպ, առաջին անգամ էի նոր կանոնով  մրցման մասնակցում, երբ մրցագորգ դուրս գալուց մի քանի ժամ առաջ են կշռվում: Հետաքրքիր էր նույնիսկ այս նոր կարգը: Նպատակ ունեինք առաջին փորձը կիրառել հենց այսպիսի մրցաշարերից մեկում, որպեսզի հետագայում չլիներ այնպես, որ կարեւոր մրցաշարում առաջին անգամ նոր կանոնով մասնակցեի:

Վերջին անգամ մրցագորգ էի դուրս եկել 2018 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ միայն մեկ գոտեմարտ կարողացա անկացնել, քանի որ վնասվածքս խանգարեց:

Ինչ վնասվածք էր եւ ի՞նչ վիրահատություն ես տարել:

Ուսի վնասվածք ունեի, որ արդեն բավական երկար ժամանակ ինձ խանգարում էր: Վաղուց կար խնդիրը, բայց առավել զգացվեց աշխարհի առաջնության ժամանակ: Շատ է եղել նախկինում, որ վնասվածքով գոտեմարտել եմ, մինչեւ վերջ պայքարել, բայց Բուդապեշտում հենց մեկնարկային գոտեմարտում հասկացա, որ մինչեւ վնասվածքիս խնդիրը չլուծեմ, չեմ կարողանալու գոտեմարտել: Վիրահատվեցի անմիջապես աշխարհի առաջնությունից հետո: Հետվիրահատական երկար շրջան անցա: Այժմ լիարժեք ապաքինվել եմ, ուսիս խնդիրն անցել է, ուղղակի Կիեւի մրցագորգում անկախ ինձանից վախենում էի՝ հանկարծ չվնասեմ, չկրկնվի: Բայց, այժմ վստահ կարող եմ ասել, որ այլեւս չի խանգարի, թեւ կրկնվելու հավանականություն էլ կա:

Իսկ ինչպե՞ս էիր քեզ զգում գորգում 7-ամյսա բացակայությունից հետո:

Շատ լավ: Կարոտել էի մրցագորգը, այդ լարվածությանը. Նույնիսկ հաճույք էր պատճառում: Ըմբշամարտից բացի ուրիշ ոչ մի տեղ ես այդ զգացողությունները երբեք չեմ ապրի: Ինձ դուր էր գալիս ամեն ինչը, նույնիսկ քաշ գցելս, սոված մնալս էր ինձ դուր գալիս. Այդքան կարոտել էի այդ գործընթացը: Ուրախացա այն փաստից, որ կարողանում էի 6 րոպե գոտեմարտել ուժեղ ըմբիշների հետ ու չհոգնել: Սովորաբար այդպես լինում է մեր մարզավիճակի գագաթնակետին: Իսկ, օրինակ, երբ 10 օր կամ մեկ ամիս չենք մարզվում, սկսում ենք շուտ հոգնել: Ես առաջին օրը 3 գոտեմարտ անցկացրի եւ չէի հոգնում: Սա ինձ շատ է ուրախացրել:

Ի՞նչը պակասեց ոսկե մեդալի համար:

Եզրափակիչս շատ վատ ստացվեց ինձ համար: Տակտիկապես սխալվեցի: Մրցակիցս հայազգի էր, ում շատ լավ ճանաչում եմ, մտերիմ ենք, երկու անգամ հանդիպել էինք նախկինում՝ մեկ հաղթանակ ես ունեի, մեկ հաղթանակ՝ նա: Այս անգամ նա ինձ կրկին հաղթեց իմ սխալի պատճառով: Առաջին մրցափուլում 0։3 պարտվում էի եւ երկրորդ մրցափուլում մի փոքր շտապեցի, որ հասցնեմ հետ բերել միավորներս, հենց շտապողականությունն էլ պատճառ եղավ սխալվելու, նա էլ օգտվեց իմ սխալից եւ ավելացրեց իր միավորները:

Գուցե արդեն բավարարվե՞լ էիր արծաթե մեդալով:

Չէի բավարարվել։ Այնպիսի բնավորություն ունեմ, որ երբեք չեմ բավարարվում ինչ-որ արդյունքով: Ուղղակի այս անգամ այդպես ստացվեց: Մինչեւ հաջորդ մրցաշարը սխալներս կուղղեմ: Ի դեպ, նախքան Կիեւի մրցաշարին մեկնելը, ընկերներիս հետ զրույցում արձանագրել էինք, որ մեդալային հավաքածուումս շատ քիչ են արծաթե մեդալները՝ կամ ոսկե, կամ բրոնզե մեդալներ են: Երեւի գլուխ գովեցինք, որ երկրորդ տեղի մեդալ չկա, այդպես արծաթով վերադարձա:

Ինձ թվում է՝ որեւէ մեկը եզրափակչում չի բավարարվում արդեն մեդալ ունենալու մտքով: Եզրափակչում ամեն ինչ այլ է, զգացողություններն ուրիշ են, կորցնելու ոչինչ չունես՝ ամեն ինչ պետք է ներդնես հաղթանակի համար: Թերեւս ես այդպես եմ մտածում եւ երբեք չեմ բավարարվում ապահովածս արծաթե մեդալով:

Ասում են՝ արծաթն ավելի տխուր մեդալ է, քան բրոնզը: Համամի՞տ ես:

Միանշանակ, քանի որ երբ կանգնում ես պատվո հարթակին, ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիրների միջից միակ պարտվածը դու ես: Ոսկե եւ երկու բրոնզե մեդալները հաղթած մեդալներ են: 4 հոգով եք կանգնում պատվո հարթակին, 3-ը հաղթել են, իսկ դու միակ պարտվածն ես: Ճիշտ է՝ բրոնզե մեդալակրից բարձր ես, բայց տխուր է, որովհետեւ դու պարտվել ես: Հենց սա է պատճառը, որ շատ հաճախ բրոնզե մեդալակիրները պարգեւատրման արարողությունների ժամանակ ավելի ուրախ են լինում, քան արծաթե մեդալակիրները:

Կմասնակցե՞ս Եվրոպական խաղերին:

Ցանկությունս եւ նպատակս դա է եղել, որ պատրաստ լինեմ մինչեւ Եվրոպական խաղեր: Բայց դեռ կազմը հայտարարված չէ, վերջնական չգիտեմ: Այժմ թիմի հետ հավաք ենք անցնում Ծաղկաձորում, հետո կշարունակենք «Օլիմպավանում»: Այս հավաքները Եվրոպական խաղերի համար են: Այս տարվա առաջնային նպատակս Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր նվաճելն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով