15:32  +04,  23 մայիսի, 2019

Եվրոպայի չեմպիոն․ Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, որ անդրադառնա հարցին եւ լուծում տա

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները, որոնք ընդգրկված են Եվրոպական խաղերին թիմի կազմում խոսել են ՀԱՕԿ-ի միջամտության եւ այլ մարզիկների իրենց փոխարեն Եվրոպական խաղերին տանելու որոշման մասին:

Անուշ Գրիգորյան (51 կգ), Եվրոպայի Մ22 չեմպիոն.

«ՀԱՕԿ-ի արածը տանում է մեր երկրում բռնցքամարտի անկմանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչի եւ մյուս մարզիչների դիրքորոշումը Եվրոպական խաղերի հետ կապված շատ ճիշտ է: Մենք բոլորս մասնակցել ենք Հայաստանի առաջնությանը, մեր քրտինքով համալրել հավաքականները, մասնակցել մարզումների, հավաքների, մրցաշարերի: Եվ այժմ փորձում են մեր աշխատանքը ջուրը գցել եւ մեր, իմ ընկերների փոխարեն պիտի Եվրոպական խաղերին մասնակցեն հավաքականի անդամ չհանդիսացող, Հայաստանի առաջնությանը չմասնակցած եւ մեզ հետ հավասար մարզադահլիճներում քրտնաջան աշխատանք չտարած մարզիկները:

Ես այժմ, որպես մարզիկ, պետք է լինեի ամենահանգիստ վիճակում, մարզադահլիճում կամ հավաքի, մտածեի միայն իմ մարզավիճակի, իմ մասնակցության եւ հաջող մրցելույթի մասին, այլ ոչ թե այստեղ նստած եւ խնդիրների մասին խոսելիս եւ այսքան անհանգստացած իմ մարզական ապագայով: Քաշքշուկի մեջ ենք ընկել: Ես ունեմ նպատակներ իմ մարզական կարիերայում, եւ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել ինձ հասնել իմ նպատակներին: Բայց այժմ արվում է ամեն ինչ, որ ես հրաժարվեմ իմ նպատակներից, երազանքներից որպես բռնցքամարտիկ, արվում է ամեն ինչ որպեսզի չմասնակցեմ Եվրոպական խաղերին:

Մեզ զանգահարել էինք Օլիմպիական կոմիտեից եւ կանչել ուսումնամարզական հավաքի Ծաղկաձորում: Ինձ զանգահարել է Գագիկ Բոլշիկյանը եւ հայտնել, որ այսօր ժամը 2-ին մեկնում ենք Ծաղկաձոր: Նա ինձ ասաց, որ քանի որ Եվրոպական խաղերը ֆինանսավորումն անում է ՀԱՕԿ-ը եւ այսօրվանից մեկնարկում է մեր հավաքը Ծաղկաձորում: Ես ասացի այո կգամ, քանի որ նախապես գիտեի, որ մեր թիմը մեկնելու է Ծաղկաձոր Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: Փաստացի խաբվեցի, քանի որ ինձ թվաց նույն հավաքի մասին է խոսքը, որը նախապես պլանավորել էր մեր մարզիչը։ Այնպես որ, ես չեմ մեկնել այդ հավաքին եւ չեմ գնալու:

Ես միայն անում եմ այն ինչ իմ մարզիչներն են ասում: Ինձ որեւէ մեկը չի ասել՝ չգնաս ՀԱՕԿ-ի նախաձեռնած հավաքին: Ես իմ ցանկությամբ չեմ գնացել: Եթե այնպես ստացվի, որ Եվրոպական խաղերին մենք մասնակցենք ՀԱՕԿ-ի ուզած կազմով, շատ հնարավոր է, որ մենք բոյկոտենք եւ հրաժարվենք Եվրոպական խաղերին մասնակցելուց:

Դիմում եմ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ անդրադառնա այս հարցին եւ լուծում տա, քանի որ ես ու ինձ շատ մարզիկներ ցանկանում են հասնել իրենց նպատակներին ու երազանքներին մեծ սպորտում»:

Էրիկ Պետրոսյան (56 կգ), Հայաստանի չեմպիոն.

«Ես երկար աշխատանք եմ տարել, պայքարել եմ լավ մարզիկ դառնալու համար, մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, Հայաստանի չեմպիոն դարձել իմ քաշային կարգում եւ այսօր պետք է ուժերս փորձեմ Եվրոպայի առաջնությունում՝ Եվրոպական խաղերում: Իսկ իմ ճանապարհը փորձում են փակել, իմ փոխարեն ուրիշին տանել: Սխալ եմ համարում այս մոտեցումը եւ վերաբերմունքը մարզիկներիս նկատմամբ: Ես տանջվել եմ, չարչարվել, որ հասնեմ իմ նպատակին: Ու հիմա եկել է այդ պահը, որ պետք է գնամ, ինչ-որ մեկը պետք է իմ փոխարեն իմ քաշային կարգում գնա եւ ներկայացնի Հայաստանը»:

Կորյուն Աստոյան (69 կգ), Հայաստանի չեմպիոն.

«Ես ուզում եմ իմ մարզիչների հետ աշխատել, իմ մարզիչների հետ անցնել իմ կարիերան, ես ուզում եմ հասնել իմ երազանքներին: Այսօր իմ քաշային կարգում իմ  փոխարեն այլ մարզիկի է ՀԱՕԿ-ը ցանկանում տանել Եվրոպական խաղեր, որն ի դեպ Եվրոպայի առաջնություն է մեզ համար: Բայց ես չեմ ուզում իմ տեղը զիջել, ես վաստակել եմ մասնակցության իրավունքը իմ աշխատանքով, իմ մարզումներով, Հայաստանի առաջնությունում առաջին տեղ զբաղեցնելով: Հիմա շատ եմ ուզում մասնակցել Եվրոպական խաղերին»:

Հիշեցնենք, որ  մայիսի 22-ին ՀԲՖ-ն ներկայարցել էր Եվրոպական խաղերում Հայաստանի թիմի կազմը. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որն այս տարվա մարտին դարձել էր Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: