14:41  ,  23 մայիսի, 2019

Հավաքականի մարզիչներ․ ՀԱՕԿ-ը կրկին փորձում է շանտաժի միջոցով խնդիրներ ստեղծել

ՀԱՕԿ-ը կրկին փորձում է շանտաժի միջոցով խնդիրներ ստեղծել ՀԲՖ-ի եւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ մարզիկների համար: Այժմ էլ խոչընդոտում են Եվրոպական խաղերին մեր մասնակցությունը՝ պարտադրելով իրենց ուզած մարզիկներին ընդգրկել Խաղերի մեկնող թիմի կազմ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեցին բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ու երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն անհանգստացած է Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում բռնցքամարտիկների մասնակցության հարցով: Բանն այն է, որ օրերս ՀԱՕԿ-ում կայացել է խորհրդակցություն, որին հրավիրվել են բռցնքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ու երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանը: ՀԱՕԿ-ի նիստը վարել է Հրաչյա Ռոստոմյանը եւ հավաքականի մարզչական շտաբից պահանջել Եվրոպական խաղերում Հայաստանի թիմի վերջնական կազմը: Ապա պահանջել կազմում կատարել փոփոխություններ եւ ընդգրկել այլ մարզիկների մյուս ֆեդերացիայից:

«Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում, քանի որ մեզ փորձում են պարտադրել՝ Եվրոպական խաղերի մասնակից թիմի կազմում ընդգրկել այնպիսի մարզիկների, որոնք հավաքականի անդամ չեն, չեն մասնակցել երկրի առաջնությանը եւ չունեն այնպիսի արդյունքներ, ինչպիսին մեր տղաները:

Ես հավաքականի գլխավոր մարզիչ եմ նշանակվել տարեսկզբին եւ ինձ ասվել է՝ հավաքականի կազմով, մրցաշարերի կազմով զբաղվում ես դու, հավաքականի արդյունքների համար պատասխանատու ես դու, եւ դու ես որոշում կազմը: Որեւէ մեկն իրավունք չունի միջամտելու:

Ըստ այդմ՝ ես տարեսկզբից պլանավորած ուսումնամարզական հավաքները, մրցաշարերը կարեւորագույն մրցաշարերն անցնելուց հետո հասել եմ Եվրոպական խաղեր, որոնք նաեւ Եվրոպայի առաջնություն են համարվում մեզ համար, կազմել եմ վերջնական մասնակիցների ցանկը։ Դրանից հետո ինձ կանչում են կոմիտե եւ պարտադրում կազմում ընդգրկել այնպիսի մարզիկների, որոնց հետ ես չեմ աշխատել, ովքեր իմ թիմի անդամ չեն:

Ոչինչ չունեմ այդ մարզիկների դեմ, գուցե նրանցից մի քանիսը շատ լավն են եւ ուժեղ, բայց ես այս պահին չեմ կարող նրանց ընդգրկել կազմ, քանի որ նրանք թիմի հետ չեն անցել ծրագրված ուսումնամարզական հավաքները, հավաքականի անդամ չեն եւ ամենակարեւորը՝ Հայաստանի առաջնությանը չեն մասնակցել:

Եվրոպական խաղերի համար իմ թիմի կազմում տեղ է գտել 8 մարզիկ, եւ ես պատրաստվում եմ այդ 8 մարզիկներով մեկնել Եվրոպական խաղեր: Այլ մարզիկներ չեն կարող լինել այս կազմում։ Ինձ Հրաչյա Ռոստոմյանը փորձեց մտափոխել, հորդորել, նույնիսկ սպառնալ, որ եթե ես չընդգրկեմ իր ուզած մարզիկներին, ՀԱՕԿ-ը չի ֆինանսավորի թիմի ուսումնամարզական հավաքները Եվրոպական խաղերի համար եւ ինձ թույլ չեն տա՝ ես տանեմ թիմը, այլ իմ փոխարեն թիմը Մինսկ կտանի Ռաֆայել Մեհրաբյանը: Նույնիսկ առաջարկ եղավ սփարինգ մենամարտեր անցկացնել եւ հասկանալ՝ ով ուժեղ է, նա էլ գնա, բայց ես դրան էլ եմ դեմ եղել, քանի որ մենք սփարինգ մենամարտերի ժամանակ չունենք»,- ասաց Ռուդիկ Մկրտչյանը:

Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի խոսքով, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային եւ հավաքականին շանտաժի են ենթարկում:

«Սա ուղղակի շանտաժ է, խնդիրներ ստեղծելու նպատակ ՀԱՕԿ-ի կողմից: Շուրջ 4-5 քաշային կարգում ցանկանում են փոխել եւ իրենց ուզած մարզիկներին դնել: Շուրջ 2 ամիս ամիս առաջ ՀԱՕԿ-ը խնդրել էր ներկայացնել Եվրոպական խաղերի հավանական կազմը: Մենք շուրջ 20 մարզիկի անուն ենք ներկայացնել, բայց վերջնական կազմը ներկայացրել ենք օրերս, որը բացկացած է 8 մարզիկից: Մեզ զանգահարել եւ կանչել են սպորտի նախարարություն՝ վերջնական քննարկելու թիմի կազմը, բայց մեզ չգիտես ինչու դիմավորել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Խոսակցությունը գնացել է այսպես, որ թիմի կազմում այս-այս քաշերի փոխարեն գնալու են մեր ուզած տղաները:

Այս ամենն ազդում է թիմի մթնոլորտի, մարզիկների արդյունքների վրա: Մենք չենք համաձայնվելու այս պայմաններին, մենք թույլ չենք տալու, որ հավաքականի գլխավոր մարզիչի փոխարեն ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը որոշի, թե ով է ներկայացնելու Եվրոպական խաղերում մեր երկիրը: Դրա համար գոյություն ունի ֆեդերացիա, հավաքական, հավաքականի մարզչական շտաբ»,- նկատեց Վահան Ադիլխանյանը:

Ռուդիկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ ՀԱՕԿ-ը զանգահարել է Հայաստանի հավաքականի 14 անդամներին եւ հայտնել, որ կոմիտեն կազմակերպում եւ անցկացնում է ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում մայիսի 23-ից Եվրոպական խաղերի համար:

«Այսօրվանից ծաղկաձորյան հավաք պետք է սկսեինք նաեւ մենք՝ իմ գլխավորությամբ թիմի 23 անդամ: Բայց հավաքականից 14 մարզիկի անհատական զանգահարել են եւ կանչել ՀԱՕԿ-ի կազմակերպած հավաքին: Ես չեմ անելու իմ հավաքը, քանի որ Ծաղկաձորում մեր թիմի հետ ՀԱՕԿ-ը նախատեսել է հավաք նաեւ մյուս հասարակական կազմակերպությունից, որը գլխավորելու է Ռաֆայել Մեհրաբյանը: Այսինքն՝ 14 մարզիկ այն կողմից, 14 մարզիկ այս կողմից: Ես Ռաֆայել Մեհրաբյանի հետ մեկ դահլիճում չեմ աշխատելու: Իմ թիմի անդամներին ասել եմ, եթե ուզում եք գնացեք: Ես իրավունք չունեմ արգելելու: Այսօր պարզ կլինի՝ ով է մեկնել այդ հավաքին, ով չի մեկնել: Ես այժմ չեմ անի իմ հավաքը: Այս իրավիճակում լուծում չեմ տեսնում եւ չեմ հասկանում, թե մենք ինչ քայլի ենք գնալու: Դա թերեւս ֆեդերացիան կորոշի: Եթե ՀԱՕԿ-ի ուզած կազմով բռնցքամարտը ներկայանա Եվրոպական խաղերին, չգիտեմ՝ ինչ կանենք, պատասխան չունեմ»,- շեշտեց Ռաֆիկ Մկրտչյանը:

Վահան Ադիլխանյանը ասուլիսի վերջում NEWS.am Sport-ի թղթակցի հետ առանձնազրույցում հայտնեց, որ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանն ապահովել է Եվրոպական խաղերի համար ուսումնամարզական հավաքների ֆինանսավորումն իր անձնական միջոցներով:

«Մեզ սպառնացին, որ եթե մենք իրենց ուզած ցուցակի հետ չհամաձայնենք, ուրեմն մեզ կզրկեն նախապատրաստական փուլի ֆինանսավորումից: Եվրոպական խաղերի համար պատասխանատու է տվյալ երկրի օլիմպիական կոմիտեն: Եվ նախապատրաստական փուլը եւ մասնակցությունն ամբողջությամբ ֆինանսավորում է ՀԱՕԿ-ը: Արթուր Գեւորգյանը պատրաստ է նախապատրաստական փուլի ֆինանսավորումը տրամադրել իր միջոցներից: Բայց դեռ չգիտենք՝ ինչ է լինելու եւ վերջնական ինչ կազմ է հայտագրելու Օլիմպիական կոմիտեն Եվրոպական խաղերի մասնակցության համար»,- ասաց Վահան Ադիլխանյանը:

Եվրոպական խաղերը Մինսկում տեղի կունենան հունիսի 21-ից 30-ը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում