20:38  ,  22 մայիսի, 2019

«Արարատ-Արմենիա». Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից

«Արարատ-Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով վերջին օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած սկանդալային միջադեպին ու «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի հայտարարությանը:

«Վերջին օրերին հայկական ֆուտբոլում ստեղծված իրադրության շուրջ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտնել հետեւյալը.

1. Մեր ակումբի ստեղծման առաջին օրվանից մեր թիվ մեկ նպատակն է եղել ոչ թե ամեն գնով տիտղոսներ նվաճելը, այլ, առաջին հերթին, հայկական ֆուտբոլի եւ Հայաստանի առաջնության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելը, նոր ֆուտբոլային մշակույթ ստեղծելը եւ առաջնության դիտարժանությունը մեծացնելը: Արդեն այսօր, կարծում ենք, կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ արդեն մեծ քայլ ենք արել: Իսկ ինչ վերաբերում է մեր մարզական նպատակներին, ապա «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի համար սկզբունքային է հաղթանակներ տոնել եւ տիտղոսներ նվաճել միայն առողջ սպորտային պայքարում:

2. Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառվող բազմաթիվ անհեթեթ բամբասանքներին եւ ամպագոռգոռ հայտարարություններին, մասնավորապես հնչած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի եւ անձամբ պարոն Արթուր Սողոմոնյանի կողմից, կապված «Լոռի» Ֆուտբոլային ակումբին դրամական պարգեւավճարներ տալու հետ, ապա ցանկանում ենք ընդգծել, որ դա բացարձակ սուտ է: Դեռ ավելին, ունենալով տեղեկություն, որ «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբն ինքն է վերջին տուրերին պարգեւավճարներ խոստանում մեր մրցակիցներին, հարիր չենք համարել դրա մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում, թե ինչ մեթոդներով է նախընտրում լուծել իր խնդիրները:

Փակելով այս թեման, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Լոռի» Ֆուտբոլային ակումբին ազնիվ ու արժանապատիվ խաղ ցուցադրելու, եւ արդար խաղի սկզբունքները չդավաճանելու համար: Այսօր, երբ որոշ մարդիկ փորձում են ստվեր նետել հայկական ֆուտբոլի բարի համբավի վրա, «Լոռի» ՖԱ-ն ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհին է եւ ոչ ոք իրավունք չունի խաղալ հայկական ակումբների բարի անվան հետ: Կարծում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի դրսեւորած մոտեցումը պետք է օրինակ դառնա հայկական բոլոր ակումբների համար:

3. Կապված մրցավարության հետ պետք է նշենք, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից, եւ, չնայած դրան, մենք հասկանում ենք, որ դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասերից է, եւ նման դեպքերին միշտ արձագանքել ենք արժանապատիվ կերպով, եւ չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում:

Միեւնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով