16:03  ,  22 մայիսի, 2019

Ռոման Բերեզովսկի. Քաղաքականությունը միջամտում է ֆուտբոլին, եւ դա լավ չէ

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասպահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշմանը:

«Շատ ցավալի է: Դա կարող էր Եվրոպայի լիգայի հերթական եզրափակիչը լինել Հենրիխի համար, ընդ որում, նա այդքան հաջող հանդես եկավ նախորդ եզրափակիչում: Սակայն քաղաքականությունը միջամտում է ֆուտբոլին եւ դա, ինձ թվում է, լավ չէ:

Չգիտեմ՝ արդյոք այդտեղ կա ՈւԵՖԱ-ի մեղքը: Երաշխիքներ եղել են, սակայն խոսքը նրա անվտանգության մասին է այդ երկրում: Այդ պատճառով «Արսենալի» ղեկավարությունն ընդառաջեց նրան եւ որոշեց, որ այդպես կլինի ավելի լավ:

Ինձ համար բարդ է կանխատեսել, թե ինչպես այդ որոշումը կանդրադառնա Հենրիխի վրա»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով