15:42  ,  22 մայիսի, 2019

«Լոռին»՝ «Փյունիկի» հետ սկանդալային խաղի մասին. Պատրաստ ենք քննարկել հանդիպման վերախաղարկումը

Վանաձորի «Լոռին» հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Երեւանի «Փյունիկի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 34-րդ տուրի սկանդալային խաղին (2:2): Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Լոռիի» դարպասին:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման հետ կապված իրադարձություններն են։ Պաշտոնական եւ սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները եւ այն, որ «Լոռին» «Փյունիկի» դեմ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։

Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք.

  1. «Լոռի» ֆուտբոլային ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ «Փյունիկի» դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով եւ առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։
  2. «Լոռի» ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որեւէ չափանիշներով։
  3. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց «Լոռին» է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն «Փյունիկի» հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։
  4. Միեւնույն ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ եւ դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում «Լոռի» ակումբի իբրեւ թե ստացած մեծ պարգեւավճարների մասին:
  5. «Լոռին» երբեք չի խուսափում արդար որոշումներից, եւ զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո «Փյունիկը» կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ անորոշ ժամանակով որակազրկել է «Լոռի» - «Փյունիկ» խաղը սպասարկած Արտակ Սիմոնյանին:

Այդ ոչ ոքիից հետո առաջատար «Փյունիկը» հավաքեց 57 միավոր եւ 2 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Վերջին խաղում «Փյունիկը» կընդունի հետնապահ «Արարատին»: «Արարատ-Արմենիան» վերջին 2 խաղերն անցկացնելու է «Արցախի» եւ «Բանանցի» հետ եւ միավորներ չկորցնելու դեպքում կդառնա Հայաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում