19:46  ,  22 մայիսի, 2019

«Ենիսեյն» առաջարկել է Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնել Կրասնոյարսկում

Կրասնոյարսկի «Ենիսեյը» հումորով է արձագանքել Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշմանը:

«Ընկերներ, մենք լավագույն վայրն ունենք Եվրոպայի լիգայի եզրափակիչի համար»,- տնային ստադիոնի լուսանկարի տակ գրել է ռուսական ակումբի թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ «Ենիսեյում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Այս մրցաշրջանում թիմը դուրս էր մնացել Ռուսաստանի Պրեմյեր լիգայից:

Մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։

Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում