Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Նատալյա Իշչենկոն՝ Լոնդոնից NEWS.am Sport-ի համար

18:47   11 օգոստոսի, 2012

Գեղալողում Ռուսաստանի հավաքականն անգերազանցելի է։ Նատալյա Իշչենկո - Սվետլանա Ռոմաշինա զույգը նվաճեց 30-րդ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը` ներկայացնելով «Տիկնիկներ» ծրագիրը: Ռուս գեղալողորդուհիները նվաճեցին չեմպիոնի տիտղոսը նաեւ խմբային ծրագրում:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց Լոնդոնում գտնվող Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի 16-ակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Նատալյա Իշչենկոյի հետ։ Նա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ միակ գեղալողորդուհին է, ում հաջողվել է հաղթանակ տանել բոլոր չորս մրցաձեւերում:

Նատալյա, շնորհավորում եմ Ձեզ: Երկու Օլիմպիական խաղեր եւ բացարձակ արդյունք: Կարո՞ղ եք համեմատել Լոնդոնի Խաղերը Պեկինի Խաղերի հետ:

Պեկինի Օլիմպիադան առաջինն էր. պատասխանատվությունը շատ ավելի մեծ էր: Այդ առումով Պեկինի Խաղերում ավելի դժվար էր: Այնտեղ մեր հավաքականը երկու ոսկե մեդալ նվաճեց գեղալողում: Դա իմ առաջին օլիմպիական ոսկին էր խմբային ծրագրում: Իսկ այստեղ ես երկու անգամ բարձրացա պատվո հարթակ` խմբային  եւ Սվետլանա Ռոմաշինայի հետ: Մենք շատ լավ հանդես եկանք եւ նվաճեցինք ոսկե մեդալներ մեր երկրի համար:

Գեղալողն այն մարզաձեւն է, որտեղ ռուս մարզիկները երբեք չեն հիասթափեցնում: Ինչի՞ հետ է դա կապված:

Կարծում եմ` մյուս մարզաձեւերում նույնպես մեր մարզիկներն անում են ամեն բան, որպեսզի հաջողության հասնեն, բայց սպորտը մնում է սպորտ, իսկ Օլիմպիական խաղերը յուրահատուկ մրցումներ են: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք շատ լավ մարզիկներ եւ մարզիչներ: Այդ պատճառով էլ հաղթում ենք:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

Առաջին հերթին ցանկանում եմ հանգստանալ: Այնուհետեւ կմտածեմ հետագայի մասին:

Ձեզ կտեսնե՞նք Ռիո դե Ժանեյրոյի Խաղերում:

Կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին մտածել: 

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։