Յանա Եգորյանը հայտավորվել է Եվրոպայի առաջնությանը՝ չնայած վնասվածքին

09:05   6 հունիսի, 2017

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար Յանա Եգորյանը հայտավորվել է Վրաստանում կայանալիք սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը՝ չնայած ոտքի մատի վնասվածքին: Այդ մասին հայտարարել է սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իլգար Մամեդովը:

«Յանա Եգորյանը հայտավորվել է մրցաշարին մասնակցելու համար: Բժիշկները կփորձեն վերականգնել Յանայի առողջությունն այն պայմանով, որ նա պետք է պահպանի բժշկական խորհրդատվություններն այս շաբաթվա ընթացքում: Այդ ժամանակ նա ի վիճակի կլինի մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- Իլգար Մամեդովի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Յանա Եգորյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա հունիսի 12-17-ը Թբիլիսիում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Ռիո-2016-ից հետո ծրագրել էր ժամանել Երեւան, բայց չստացվեց: Մարզուհու խոսքով՝ նա անպայման լինելու է Երեւանում, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։