Մարադոնան լքեց արաբներին

01:03   11 հուլիսի, 2012

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան լքել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնությունում հանդես եկող «Ալ-Վասլ» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է ակումբի պաշտոնական Թվիտերը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ արգենտինացու հետ մինչեւ հաջորդ տարվա մայիս նախատեսված պայմանագիրը չեղյալ է համարվել:

Երկրի առաջնությունում «Ալ-Վասլը» գրավել էր ընդամենը 8-րդ տեղը, ինչը` Մարադոնայի կարծիքով, կապված էր թիմի ոչ այնքան ուժեղ կազմի հետ: Ապրիլի վերջերին արգենտինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մարադոնան մտադիր է լքել իր պաշտոնը, եթե ակումբի ղեկավարությունը չկատարի խոստումը եւ կազմի համալրում չիրականացնի: Հետագայում արգենտինացին թիմի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ընդունել էր, որր «զայրույթի պոռթկումները վնաս են հասցնում թիմի շահերին» եւ նա «ոչ մի պարագայում» չի հեռանա «Ալ-Վասլից»:

Հիշեցնենք, որ մինչեւ արաբական ակումբը գլխավորելը Մարադոնան երեք տարի Արգենտինայի գլխավոր մարզիչն էր: Նրա աշխատանքն ավարտվեց 2010թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականից կրած 0:4 խոշոր հաշվով պարտությունից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։