Ռիո-2016. Հունահռոմեական ոճի ըմբիշների մասնակցության գնահատականը

16:40   21 հոկտեմբերի, 2016

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Ռիո-2016 Օլիմպիական խաղերին մասնակցած հավաքականների գլխավոր մարզիչների կողմից ներկայացվող հաշվետվությունների լսումների հերթը հոկտեմբերի 21-ին հունահռոմեական ոճի ըմբշամարտինն էր:

Հաշվետվությամբ հանդես է եկել հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, որը ներկայացրել է հավաքականի մարզիկների համար նախապես՝ ըստ ժամանակացույցի, կազմակերպված նախապատրաստական աշխատանքները:

«Մենք պայքարում էինք 6 քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար, սակայն կարողացանք վարկանիշ ունենալ միայն 4 քաշային կարգերում՝ 66 կգ Միհրան Հարությունյանը, 75 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ Մաքսիմ Մանուկյանը եւ 98 կգ Արթուր Ալեքսանյանը: Միհրանի եւ Արթուրի մասին չեմ խոսի: Արսենը, ումից մեդալ էինք սպասում, թույլ տվեց տակտիկական սխալ եւ դուրս մնաց հետագա պայքարից: Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք նույնպես չարդարացան»,- ասել է գլխավոր մարզիչը:

Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար եւ շնորհավորելով օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ՝ նշել է, որ չնայած Լեւոն Ջուլֆալակյանը գոհ չէ իր բոլոր սաների մրցելույթներից, սակայն հավաքականի մասնակցությունը գնահատվում է լավ, հայտնում է նախարարության կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։