Սպորտի նախարարությունն անբավարար է գնահատել հայ բռնցքամարտիկների ելույթը Ռիո-2016-ում

20:20   18 հոկտեմբերի, 2016

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակցության հաշվետվությամբ հանդես է եկել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում:

Նա տեղեկացրել է, որ 2016 թվականի սկզբին հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնելուց հետո կատարվել է մեծածավալ աշխատանք մարզիկներին օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար:

«Արդյունքում ունեցանք 5 վարկանիշ։ Սա աննախադեպ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Օլիմպիական խաղերի ընթացքում մեր տղաները հանդես են եկել իրենց ուժերի առավելագույն չափով: Ցավոք, մեր կանխատեսած մեդալները չկարողացանք ձեռք բերել»,- ասել է մարզիչը: 

Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներին մեծապես աջակցել են թե՛ ֆեդերացիան, թե՛ ՀԱՕԿ-ը եւ թե՛ նախարարությունը: «Սակայն, քանի որ Օլիմպիական խաղերից վերադարձել ենք առանց մեդալների, ուստի մեր մասնակցությունը բավարար գնահատել չեմ կարող»,- նշել է Կ. Աղամալյանը: 

Նախարարությունում ստեղծված հաշվետվություններն ընդունող եւ Օլիմպիական խաղերին մասնակցությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը նույնպես հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է անբավարար, փոխանցում է նախարարության կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։