ՀՖՖ-ն հաստատեց, որ Հենրիխ Մխիթարյանի հարցով նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»

20:58   2 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Մանչեսթեր Յունայթեդից» ստացել է պաշտոնական նամակ, որում անգլիական ակումբը ՀՖՖ-ին խնդրում է թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին եւ Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։ Նամակի մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում է․

«Հենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։ Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել եւս մասնակցել որեւէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում եւ շարունակելով իր վերականգնումը»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չէր հայտավորվել նաեւ «Սթոք Սիթի» դեմ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի տնային հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերի 2-ին եւ ավարտվեց 1:1 հաշվով: Այդ հանդիպման նախախաղային ասուլիսում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի ավագն արդեն մարզվում է թիմի ընդհանուր խմբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։