Անգլիայի հավաքականից հեռացված Սեմ Էլարդայսը չի ավարտի մարզչական կարիերան

14:57   28 սեպտեմբերի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Սեմ Էլարդայսը մտադիր չէ ավարտել մարզչական կարիերան, հաղորդում է Sky Sports-ը։

Անգլիացի մասնագետը սեպտեմբերի 27-ին հեռացվել էր կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Նա Անգլիայի հավաքականը գլխավորեց 67 օր։

Հիշեցնենք, որ 61-ամյա մասնագետը սեպտեմբերի 27-ին հանդիպել էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) ղեկավարների հետ եւ ներկայացրել իր վարկածը։

The Telegraph-ի հրապարակումից հետո FA-ն հետաքննություն էր սկսել Սեմ Էլարդայսի նկատմամբ: FA-ն լրատվամիջոցին խնդրել էր ներկայացնել բոլոր ապացույցները:

The Telegraph-ը նշում էր, որ մինչեւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելը Սեմ Էլարդայսը հանդիպել է Հեռավոր Արեւելքի «գործարարների» հետ, որոնք ցանկացել էին խարդախության միջոցով գումար վաստակել Անգլիայում տրանսֆերային գործարքներից: Խոսքը եղել է 400 հազար ֆունտ ստերլինգի մասին: 61-ամյա մասնագետը համաձայնել է որպես ներկայացուցիչ մեկնել Սինգապուր եւ Հոնկոնգ եւ բացատրել՝ ինչպես կարելի է շրջանցել FA-ի կանոնակարգը, որն արգելում է երրորդ կողմին իրավունքներ ունենալ խաղացողի տրանսֆերի գործարքում: The Telegraph-ը 10 ամիս անցկացրել է լրագրողական հետաքննություն: Որպես գործարար ներկայացած լրագրողների բանակցությունները տեսագրվել են:

Էլարդայսը հուլիսին էր փոխարինել Ռոյ Հոջսոնին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է մեկ պաշտոնական հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում 1:0 հաշվով հաղթելով Սլովակիային:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։