Սեմ Էլարդայսը կարող է հեռացվել Անգլիայի հավաքականից

17:05   27 սեպտեմբերի, 2016

Անգլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է The Times-ը։

Կոռուպցիայի մեջ կասկածվող 61-ամյա մասնագետը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) ղեկավարների հետ եւ ներկայացրել իր վարկածը։ FA-ի ներկայացուցիչները լսել են Էլարդայսի վարկածը, սակայն մտածում են նրան հեռացնելու մասին։

Հիշեցնենք, որ The Telegraph թերթի հրապարակումից հետո FA-ն հետաքննություն է սկսել Սեմ Էլարդայսի նկատմամբ: FA-ն հայց է ուղարկել թերթին՝ խնդրելով ներկայացնել բոլոր ապացույցները:

The Telegraph-ը նշում էր, որ մինչեւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելը Սեմ Էլարդայսը հանդիպել է Հեռավոր Արեւելքի «գործարարների» հետ, որոնք ցանկացել էին ոչ արդար ճանապարհով գումար վաստակել Անգլիայում տրանսֆերային քաղաքականությունից: Խոսքը եղել է 400 հազար ֆունտ ստերլինգի մասին: 61-ամյա մասնագետը համաձայնել է որպես ներկայացուցից մեկնել Սինգապուր եւ Հոնկոնգ եւ բացատրել՝ ինչպես կարելի է շրջանցել FA-ի կանոնակարգը, որն արգելում է երրորդ կողմին իրավունքներ ունենալ խաղացողի տրանսֆերի հարցում: The Telegraph-ը 10 ամիս անցկացրել է լրագրողական հետաքննություն: Որպես գործարար ներկայացած լրագրողների խոսակցությունները ձայնագրվել են տեսանյութով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։