Գվարդիոլան կարող է վայրէջք կատարել «Ստեմֆորդ Բրիջում»

19:15   5 հուլիսի, 2012

42-ամյա Ռոբերտո Դի Մատեոն անցած ամիս վերջապես նշանակվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ: Մինչդեռ բրիտանական մամուլը նշում է, որ Դի Մատեոյի նշանակումը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի սեփականատեր Աբրամովիչին հասկացնել տվեց, որ մեկ տարով հեռանում է ֆուտբոլից: «Չելսիի» սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ցանկանում էր, որ ակումբի մարզիչ դառնա կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչը: Սակայն նրա հետ չհաջողվեց համաձայնության հասնել:

Մամուլում նաեւ լուրեր են շրջանառվում, որ չնայած Դի Մատեոյի հետ կնքվել է երկամյա պայմանագիր` շաբաթական 60 հազ. ֆունտ աշխատավարձով, Գվարդիոլան այնուամենայնիվ կարող է «Ստեմֆորդ Բրիջում» վայրէջք կատարել հաջորդ տարվա ամռանը:

The Sun պարբերականին տված հարցազրույցում անկաշկանդ իտալացի Դի Մատեոն պատասխանել է. «Ես խարդավանք չեմ զգում: Առաջին իսկ օրից ես ստիպված եղա բախվել բազմաթիվ խայթիչ մեկնաբանությունների, սակայն այդ բոլորը, ինչպես տեսնում եք, հաջողությամբ տարա: Յուրաքանչյուրը կարող է իր ցանկությունները արտահայտել, սակայն ես պարզապես կկենտրոնանամ իմ աշխատանքի վրա եւ կանեմ իմ ուժերի սահմաներում ամեն ինչ: Ես շատ գոհ եմ իմ նոր պայմանագրից, որը ես եւ ստորագրել եմ: Ես ամբողջ կյանքում զբաղվում եմ ֆուտբոլով եւ շատ լավ հասկանում եմ, թե ինչպես է աշխատում բիզնես-մեխանիզմը: Ես հիանալի եմ հասկանում, որ մենեջերներին գնահատում են միայն արդյունքներով»:

Դի Մատեոն ընդգծել է, որ նրա նշանակման շուրջ ասեկոսեները տեղին չեն, քանի որ ինքը անձամբ այդ առումով ոչ մի կասկած չի ունեցել: Որոշումը ակումբին դժվարությամբ է տրվել` հաշվի առնելով, թե «Չելսիի» համար որքան լարված ստացվեց անցած մրցաշրջանը: «Այժմ ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ անցնել աշխատանքի եւ մեծ հաջողությունների հասնել ակումբի համար»:

Խոսելով իր ռազմավարության մասին, Դի Մատեոն նշել է, որ ունի իր առանձնահատուկ գիծը, որը չի պատրաստվում փոխել. «Ես կարողանում եմ խաղացողների հետ շփվել  եւ նույն ոգով էլ շարունակելու եմ»,- ասել է նա:

Դի Մատեոն նաեւ նշել է, որ ակումբի առաջնահերթ խնդիրը թիմից հեռացած Դիդյե Դրոգբայի փոխարեն նոր հարձակվողի ձեռք բերումն է, ինչպես նաեւ եզրային պաշտպան` Ժոզե Բոսիգվայի փոխարեն. «Որեւէ մեկի անունը չեմ տա, որովեհետեւ բավական է որեւէ մեկի անունը նշել, նրա գինը սկսում է անմիջապես բարձրանալ»,- ասել է նա` ավելացնելով, որ թիմի մենեջմենթը ուսումնասիրելու է շուկան` թիմը ուժեղացնելու նպատակով խաղացողներ գտնելու համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։