Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ. Ռոնալդուն հաղթել է հսկայական առավելությամբ

11:45   26 օգոստոսի, 2016

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Կրիշտիանու Ռոնալդուն հաղթել է հսկայական առավելությամբ: Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի օգտին քվերակել են ժյուրիի 55 անդամներից 40-ը: Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ստացել է 8 ձայն, իսկ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ 7:

Ժյուրիի կազմում են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների լրագրողները, որոնցից յուրաքանչյուրը նշել է Եվրոպայի 5 լավագույն ֆուտբոլիստներին՝ հերթականությամբ: Առաջին տեղում նշված ֆուտբոլիստը ստանում է 5 միավոր, երկրորդ տեղինը՝ 4 եւ այդպես շարունակ: Եզրափակիչ եռյակի քվեարկությունը կայացել էր օգոստոսի 25-ին Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: Լրագրողներն ուղիղ եթերում քվեարկել են հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հիշեցնենք, որ լավագույն տասնյակում տեղ էին գտել նաեւ՝ Լուիս Սուարեսը («Բարսելոնա», Ուրուգվայ), Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», Իտալիա), Պեպեն («Ռեալ», Պորտուգալիա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Տոնի Կրոսը («Ռեալ», Գերմանիա) եւ Թոմաս Մյուլերը («Բավարիա», Գերմանիա):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։