Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի մրցաշարի 105 կգ քաշային կարգում 19-ամյա Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ: Պոկում վարժությունում նա հաջող կատարեց առաջին եւ երկրորդ մոտեցումները (185 եւ 190 կգ), իսկ 195 կգ-ն բարձրացնել չհաջողվեց: Հրում վարժությունում Սիմոնը նախ հաղթահարեց 220 կգ-ն, հետո՝ 227 կգ-ն, իսկ վերջին մոտեցմանը չբարձրացրեց 234 կգ-ն:
Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը հանդես եկավ B խմբում, որտեղ 389 կգ (179+210) արդյունքով երրորդն էր:
Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը, որը հրում վարժությունում սահմանեց օլիմպիական ռեկորդ (237 կգ): Երկամարտում նա 14 կգ գերազանցեց հայ ծանրորդին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Թբիլիսիում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության +105 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը Սիմոն Մարտիրոսյանը նվաճել էր երկամարտի 412 կգ (187+225) արդյունքով: Նորվեգիայում էլ այս տարվա ապրիլին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում նա երկամարտի 402 կգ (182+220) արդյունքով գրավել էր երրորդ տեղը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտում հայ մարզիկներն առաջին անգամ են նվաճում արծաթե մեդալ:
Ռիո-2016-ի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանն օգոստոսի 16-ի գիշերը հանդես կգան գերծանր քաշային կարգում:
Ռիո-2016, ծանրամարտ
Տղամարդիկ, 105 կգ
1. Ռուսլան Նուրուդինով (Ուզբեկստան) – 431 կգ (194+237)
2. Սիմոն Մարտիրոսյան (Հայաստան) - 417 կգ (190+227)
3. Ալեքսանդր Զաիչիկով (Ղազախստան) - 416 կգ (193+223)
Սիմոն Մարտիրոսյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 19-ին Հայկաշեն գյուղում։ Անձնական մարզիչն է Աշոտ Փիլոսյանը։
Մարտիրոսյանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի երիտասարդների ռեկորդակիր, 2016 թ. մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թ. երիտասարդների Եվրպայի առաջնության չեմպիոն։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։