Եվրո-2016. Իտալիայի ռեւանշը, Իսպանիան չպաշտպանեց տիտղոսը (ֆոտոշարք)

21:54   27 հունիսի, 2016

Իսպանիայի հավաքականը չպաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչից: Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ում իսպանացիների ճանապարհին կանգնեց Եվրոպայի գործող փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը, որը հաղթեց 2:0 հաշվով եւ ռեւանշի հասավ 4 տարի առաջ եզրափակիչում կրած պարտության համար:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում իսպանացիների խաղը շատ հեռու էր լավագույնից, իսկ իտալացիները վատ տեսք չունեին: Իսպանիայի գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ իտալացիները ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, որոնցից հետո Դավիդ Դե Խեան փրկեց Եվրոպայի չեմպիոնին: 33-րդ րոպեին արդեն Դե Խեան էլ էր անզոր, եւ գնդակը հայտնվեց Իսպանիայի դարպասում: Դարպասի առջեւ նշանակված տուգանային հարվածից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը գնդակն անհաջող հետ մղեց, իսկ վրա հասած Ջորջո Կյելինին բացեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում իսպանացիներն ունեին հսկայական տարածքային առավելություն, սակայն դա ոչինչ չէր տալիս նրանց: Վիսենտե Դել Բոսկեի թիմը վերահսկում էր գնդակը մրցակցի կիսադաշտում, իսկ Իտալիան աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ: Չնայած մեծ ճնշմանը՝ իտալացիները դիմանում էին եւ գրեթե չէին մտածում գրոհելու մասին: Իսպանիայի ամենաիրական գոլային պահը 90-րդ րոպեին ունեցավ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որը չկարողացավ գրավել արտակարգ խաղ անցկացրած Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Ֆուտբոլի չգրված օրենքը չուշացավ: Անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Գրացիանո Պելեն ավելացված ժամանակում խփեց իտալացիների երկրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Անտոնիո Կոնտեի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային:

Հատկանշական է, որ խոշոր մրցաշարերում Իսպանիայի հավաքականը փլեյ-օֆֆում նախորդ անգամ գոլ բաց թողել էր 10 տարի առաջ (ԱԱ-2006-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիայից): Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում էլ իսպանացիները նախորդ անգամ գոլ բաց թողել էին 16 տարի առաջ (Եվրո-2000-ի 1/4 եզրափակիչում Ֆրանսիայից):

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում իսպանացիները 4:0 հաշվով հաղթել էին Իտալիային՝ երկրորդ անգամ անընդմեջ հռչակվելով աշխարհամասի չեմպիոն:

Այսպիսով, Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում արդեն հայտնի են Իտալիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա զույգերը, իսկ Ֆրանսիայի հավաքականը սպասում է Անգլիա - Իսլանդիա դիմակայության հաղթողին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Իտալիա - Իսպանիա՝ 2:0

Ջորջո Կյելինի, 33, Գրացիանո Պելե, 90+2

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի (Տյագո Մոտա, 54), Էմանուելե Ջակերինի, Ալեսանդրո Ֆլորենցի (Մատեո Դարմիան, 84), Էմանուելե Ջակերինի, Մարկո Պարոլո, Էդեր (Լորենցո Ինսինյե, 82), Գրացիանո Պելե:

Իսպանիա. Դավիդ Դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Նոլիտո (Արից Ադուրիս, 46, Պեդրո Ռոդրիգես, 81), Ալվարո Մորատա (Լուկաս Վասկես, 70):

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։