Վացկե. «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի հարցով որոշում կկայացնի մինչեւ հուլիսի 4-ը

12:11   27 հունիսի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատմել է, որ գերմանական ակումբը դեռ վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում:

«Իրավիճակը կքննարկենք այս շաբաթ: Ցանկալի է, որ այդ հարցը շուտ լուծվի: Մխիթարյանի տրանսֆերի հարցը պետք է լուծվի մինչեւ հուլիսի 4-ը, երբ թիմը սկսելու է նախամրցաշրջանային հավաքը: Դա շատ բարդ որոշում է»,- «Բորուսիայի» ղեկավարի խոսքը մեջբերում է sport.de-ն:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ հայ կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ «Բորուսիայում» կողմերը շարունակում են բանակցությունները լարված մթնոլորտում: Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանը մոտ է «Օլդ Տրաֆորդ» տեղափոխվելուն:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։