Ամերիկայի Գավաթ. Արգենտինան սգում է, Չիլին՝ ցնծում (ֆոտոշարք)

08:30   27 հունիսի, 2016

Ֆուտբոլի Չիլիի հավաքականը պաշտպանեց ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը: Չիլին դարձավ երկրորդ հավաքականը, որը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ամերիկայի Գավաթում: Նախկինում դա հաջողվել էր միայն արգենտինացիներին (1946-ին եւ 1947-ին):

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիները եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականին: Նյու Ջերսիում կայացած հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ առաջին խաղակեսում թիմերը ստացան մեկական կարմիր քարտ:

Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ արգենտինացիներից վրիպեցին Լիոնել Մեսին ու Լուկաս Բիգլիան, իսկ Խավյեր Մասկերանոն ու Սերխիո Ագուերոն դիպուկ էին: Չիլիից առաջին հարվածն անհաջող կատարեց Արտուրո Վիդալը, իսկ հետո դարպասը գրավեցին Նիկոլաս Կաստիլյոն, Շառլզ Արանգիսը, Ժան Բոսեժուրը եւ Ֆրանսիսկո Սիլվան՝ 4:2:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չիլիի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, իսկ «Բարսելոնայի» ներկայացուցիչ Կլաուդիո Բրավոն լավագույն դարպասապահն է: Լավագույն ռմբարկու դարձավ չիլիացի Էդուարդո Վարգասը:

Հիշեցնենք, որ այս տարի Ամերիկայի Գավաթի խմբային փուլի արգելքը չէին հաղթահարել Բրազիլիայի ու Ուրուգվայի հավաքականները: Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում Չիլիի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Արգենտինային՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով աշխարհամասի չեմպիոն: Ամերիկայի Գավաթն անցկացվում է 4 տարին մեկ, սակայն 45-րդ խաղարկությունը տեղի է ունեցավ նախորդից մեկ տարի անց, քանի որ 2016-ին լրանում է մրցաշարի 100-ամյակը:

Այսպիսով, արգենտինացիները պարտվեցին երրորդ եզրափակիչում անընդմեջ: 2014-ին նրանք աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել էին Գերմանիային, իսկ նախորդ տարի՝ Չիլիում կայացած Ամերիկայի Գավաթի եզրափակիչում:

Ամերիկայի Գավաթ, եզրափակիչ

Արգենտինա - Չիլի՝ 0:0

11 մետրանոցներով՝ 2:4

Հեռացումներ՝ Մարկուս Ռոխո, 43 (Արգենտինա) – Մարսելո Դիաս, 28 (Չիլի)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։