Եվրո-2016. Վարդիի ու Սթարիջի գոլերը հաղթանակ բերեցին Անգլիային բրիտանական դերբիում (ֆոտո)

18:52   16 հունիսի, 2016

Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ի B խմբի երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին Անգլիայի եւ Ուելսի հավաքականները: Լանսում տեղի ունեցած խաղում վճռական եղան Ռոյ Հոջսոնի փոփոխությունները: Ջեյմի Վարդին ու Դանիել Սթարիջը կամային հաղթանակ բերեցին անգլիացներին:

Առաջին խաղակեսում Մադրիդի «Ռեալի» աստղ Գարեթ Բեյլը մոտ 30 մետրից արդյունավետ իրացրեց տուգանային հարվածը: Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը փրկել իր թիմին չկարողացավ: Դրվագներից մեկում գլխավոր մրցավար, գերմանացի Ֆելիքս Բրիխը կարող էր 11 մետրանոց նշանակել Ուելսի դարպասին ձեռքով խաղի համար, սակայն խուսափեց դրանից:

56-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Ջեյմի Վարդին: Գոլային փոխանցումը կատարեց ուելսցի Էշլի Ուիլյամսը, այլապես Վարդիի գոլը կլիներ խաղից դուրս վիճակից:

Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ Սթարիջը՝ հաղթանակ պարգեւելով Անգլիային:

Երկու տուրից հետո Անգլիան 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ուելսն ու Սլովակիան ունեն 3-ական միավոր, Ռուսաստանը՝ 1 միավոր:

Հիշեցնենք, ոչ առաջին տուրում Անգլիայի հավաքականը 1:1 հաշվով էր խաղացել Ռուսաստանի հետ, Ուելսը 2:1 հաշվով հաղթել էր սլովակներին:

Եվրո-2016. B խումբ, երկրորդ տուր

Անգլիա - Ուելս՝ 2:1 

Ջեյմի Վարդի, 56, Դանիել Սթարիջ, 90+2 - Գարեթ Բեյլ, 42

Անգլիա. Ջո Հարթ, Կայլ Ուոլկեր, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր, Ադամ Լալանա (Մարկուս Ռեշֆորդ, 73), Ուեյն Ռունի, Դելե Ալի, Ռահիմ Ստերլինգ (Դանիել Սթարիջ, 46), Հարի Քեյն (Ջեյմի Վարդի, 46):

Ուելս. Ուեյն Հենեսի, Կրիստոֆեր Գանտեր, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Ջեյմս Չեստեր, Էշլի Ուիլյամս, Ջո Ալեն, Ջո Լեդլի (Դեւիդ Էդվարդս, 67), Աարոն Ռեմզի, Գարեթ Բեյլ, Հալ Ռոբսոն-Կանու (Ջոնաթան Ուիլյամս, 71):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։