«Ռեալ» - «Աթլետիկո». BBC vs Եվրոպայի լավագույն պաշտպանություն

15:40   28 մայիսի, 2016

Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» մայիսի 28-ին Միլանում կվիճարկեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթը։

2 տարի անց մադրիդյան ակումբները դարձյալ կհանդիպեն Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում։ 2014-ին Լիսաբոնում կայացած խաղում Արքայական ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթել էր 4։1 հաշվով եւ 10-րդ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում էլ «Ռեալն» «Աթլետիկոյին» դուրս թողեց քառորդ եզրափակիչից։

«Ռեալն» ու «Աթլետիկոն» մինչեւ օրս հանդիպել են 166 անգամ։ 59 հաղթանակ տարել է Արքայական ակումբը, 41 անգամ հաջողությունն ուղեկցել է «Աթլետիկոյին», եւս 36 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։ Եվրագավաթներում թիմերը մրցել են 6 անգամ։ 4 հաղթանակ տարել է «Ռեալը» եւ մեկական անգամ գրանցվել է ոչ ոքի ու «Աթլետիկոյի» հաղթանակ։

Այս մրցաշրջանում թիմերը մրցել են 2 անգամ։ «Սանտյագո Բերնաբեուում» «Աթլետիկոն» արտագնա հաղթանակ է տարել նվազագույն հավով, իսկ «Վիսենտե Կալդերոնում գրանցվել է 1։1 հաշիվը։

«Ռեալը» փլեյ-օֆֆից դուրս է թողել իտալական «Ռոմային», գերմանական «Վոլֆսբուրգին» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։ «Աթլետիկոն» ուժեղ է գտնվել հոլանդական ՊՍՎ-ից, մրցաշարի գործող գավաթակիր «Բարսելոնայից» ու Մյունխենի «Բավարիայից»։

Զիդան vs Սիմեոնե

Եզրափակիչի ճանապարհին Դիեգո Սիմեոնեի թիմի գրագետ պաշտպանության «զոհ» են դարձել Լուիս Էնրիկեն («Բարսելոնա») ու Խոսեպ Գվարդիոլան («Բավարիա»), այժմ նա պետք է մրցի եւս մեկ նախկին ֆուտբոլիստի հետ։ Զինեդին Զիդանն այս մրցաշրջանի ընթացքում է գլխավորել «Ռեալը», որն Իսպանիայի առաջնությունն ավարտեց երկրորդ տեղում եւ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Բացի այդ, Զիդանը կարող է դառնալ Չեմպիոնների լիգայում հաղթած առաջին ֆրանսիացի մարզիչը։ Զիդանը Սիմեոնեին անվանել է նաեւ ժամանակակից ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը։

2 թիմերն էլ հանդիպմանը մոտենում են ուժեղագույն կազմով։ «Աթլետիկոյի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին, իսկ «Ռեալին» չի կարող օգնել միայն ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը, որը վնասվածքի պատճառով բաց է թողնելու նաեւ Եվրո-2016-ը։

BBC vs Եվրոպայի լավագույն պաշտպանություն

Այն, որ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն ամենալավն են պաշտպանվում այս մրցաշրջանում, կասկած չի հարուցում։ Պրիմերայի 38 խաղերում բաց թողած ընդամենը 18 գոլերը շատ բանի մասին են խոսում։ Այսօր նրանք դիմակայելու են Եվրոպայի լավագույն հաձակողական եռյակներից մեկին։ Մրցաշրջանի վերջնամասում Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը շատ են ավելացրել եւ ավելի հաջող են համագործակցում։ «Աթլետիկոն» «Ռեալին» կանգնեցրել է ձմռանը, երբ Բեյլը չէր խաղում, իսկ այսօր ուելսցին հրաշալի մարզավիճակում է։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

Միլան, «Սան Սիրո» ստադիոն

«Ռեալ» (Իսպանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 22։45-ին (Երեւանի ժամանակով)

Հավանական կազմեր

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա:

«Աթլետիկո». Յան Օբլակ, Խուանֆրան, Խոսե Խիմենես, Դիեգո Գոդին, Ֆիլիպե Լուիս, Գաբի, Աուգուստո Ֆերնանդես, Սաուլ Նյիգես, Կոկե, Անտուան Գրիզման, Ֆերնանդո Տորես:

Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։