Հակոբ Սերոբյան. Այս արդյունքը ցանկացած թիմի համար լավ ցուցանիշ է

12:15   27 մայիսի, 2016

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնության որակավորման փուլում հայ մարզիկների գրանցած արդյունքները:

«Ես տղաներից գոհ եմ։ Սա փորձնական էր։ Մենք արդեն գիտենք, թե ինչ բացթողումներ ունենք, ինչի վրա պետք է աշխատենք։ Մենք 1 միավոր ավելի վաստակելու հնարավորություն ունեինք, իսկ դա կապահովեր մեր տեղը տասնյակում։ Թիմային լավ մասնակցություն ունեցանք։ Կարեւորը՝ չընկան։ Սպասվում էր, որ Արթուր Թովմասյանն էլ եզրափակիչ կանցնի, սակայն մի քայլ հետ մնաց։ Սակայն դա նրա բացթողումն էր։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում ենք 6 հոգով, որոնցից մեկը երիտասարդ եւ ունենք եզրափակիչի 4 մասնակից։ Այս արդյունքը ցանկացած թիմի համար լավ ցուցանիշ է: Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր»,- Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչի արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 12-րդ տեղը (248.702 միավոր): Եզրափակիչ փուլ են անցնում 8 ուժեղագույն թիմերը: Անհատական պայքարում հենացատկերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ տեղը (15.300) եւ դուրս եկել եզրափակիչ։ Նժույգթափերում աշխարհի 2015 թվականի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը երկրորդ տեղով (15.491) նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել է չորրորդ տեղը (15.566) եւ իրավունք ստացել եզրափակիչում պայքարելու լավագույնի կոչման համար, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում 9-րդն էր (15.366) եւ մեկ քայլ հետ մնաց եզրափակիչից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։