Լիոնել Մեսի. Գալով «Բարսելոնա»՝ թողեցի ամեն ինչ ու սկսեցի զրոյից

23:22   25 մայիսի, 2016

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ցանկանում է կարիերայի ավարտին վերադառնալ հայրենիք։ Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ծնված Մեսին Իսպանիա է տեղափոխվել 13 տարեկանում։

«Ցանկանում եմ մի օր վերադառնալ հայրենիք, քանի որ իմ երկրից հեռացել եմ պատանեկան տարիքում։ Ես չհասցրեցի վայելել Ռոսարիոն, իմ քաղաքը, համաքաղաքացիներիս սերը։

«Բարսելոնա» տեղափոխվելս շատ բարդ էր։ Մի կողմից՝ հրաշալի ու անհավանական բան էր «Բարսելոնայում» խաղալը, բայց մյուս կողմից էլ՝ ես հրաժարվեցի գործնականում ամեն ինչից։ Թողեցի ընկերներիս, ընտանիքիս մեծ մասը, մանկությունս։ Ես եկա մի երկիր, որտեղ ոչինչ չունեի, սկսեցի գրեթե զրոյից»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը կատալոնական ակումբում է 2000 թվականից, 2003-ից հանդես է գալիս գլխավոր թիմում, նվաճել է թիմային 28 տիտղոս։ Իսպանիայի ութակի չեմպիոն է, քառակի գավաթակիր, վեցակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության եռակի հաղթող։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։