Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիային» մերժել է կլաուզուլայի պատճառով

11:08   10 մայիսի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը:

Mirror-ի համաձայն՝ պատճառն այն է, որ գերմանական ակումբը նրան առաջարկում է նոր պայմանագիր, որում չկա կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին): Ըստ աղբյուրի՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից եւ ձեռք բերել Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:

Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ թիմին դժվար թե հաջողի նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի, Մատս Հումելսի ու Իլկայ Գյունդոգանի հետ: Ընթացիկ մրցաշրջանի 51 հանդիպումներում 27-ամյա կիսապաշտպանը կատարել է 31 գոլային փոխանցում եւ խփել 23 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։