Գվարդիոլա. Հուսով եմ, որ Անչելոտիի հետ ամեն ինչ կստացվի «Բավարիայի» մոտ

11:36   4 մայիսի, 2016

Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը, որը հավասարազոր էր պարտության:

«Այսօր «Բավարիան» հրաշալի խաղաց, բայց «Աթլետիկոն» արժանիորեն է դուրս գալիս եզրափակիչ: Ունեցանք բավականաչափ պահեր, բայց չկարողացանք խփել այդ անհրաժեշտ գոլը: Ես կյանքս տվեցի «Բավարիայի» համար եւ արեցի այն ամենը, ինչ կարող եմ: Ցավում եմ իմ տղաների համար: Ինձ քննադատելու են նրա համար, որ այդպես էլ չկարողացանք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հուսով եմ, որ Կարլո Անչելոտիի հետ ամեն ինչ կստացվի «Բավարիայի» մոտ: Նման մարզիչի հետ ակումբն ունի հիանալի ապագա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» եւ «Աթլետիկոյի» միջեւ դիմակայության 2 խաղերի արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը (1:0, 1:2), բայց իսպանացիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ: Երրորդ տարին անընդմեջ «Բավարիան» Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթահարել իսպանական ակումբի արգելքը: 2014-ին մյունխենցիներին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալը», իսկ նախորդ տարի՝ «Բարսելոնան»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։