Ռանյերին զանգել է Հիդինկին եւ հինգ անգամ շնորհակալություն է հայտնել

14:46   3 մայիսի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին զանգել է Լոնդոնի «Չելսիի» հոլանդացի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին եւ շնորհակալություն է հայտնել «Տոտենհեմի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում «Չելսիի» ցուցադրած խաղի եւ երկու գոլերի համար։

«Ես շնորհավորեցի Ռանյերիին վաստակած չեմպիոնության կապակցությամբ։ Մրցաշրջանի ընթացքում հնարավոր է պատահական բարձրանալ առաջին տեղ, բայց «Լեսթերը» պահեց այդ տեղը։ Ես չեմ տեսել Ռանյերիի արցունքները, քանի որ դա տեսազանգ չէր, բայց նրա ձայնը դողում էր։ Նա հինգ անգամ շնորհակալություն հայտնեց»,- Հիդինկի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Չելսին» առաջին խաղակեսից հետո 0։2 հաշվով պարտվում էր «Տոտենհեմին», բայց ընդմիջումից հետո Կեյհիլի եւ Ազարի գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Այդ արդյունքի շնորհիվ «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն։ Ռանյերին չեմպիոնության համար կստանա լրացուցիչ 5 միլիոն ֆունտ ստերլինգ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։