Գվարդիոլա. Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, անթերի պաշտպանվենք եւ վերահսկենք խաղը

23:25   2 մայիսի, 2016

Մյունխենի «Բավարիայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ շնորհակալություն է հայտնել գերմանական ակումբին երեք տարվա հրաշալի աշխատանքի համար:

«Վաղը կլինի իմ վերջին մյունխենյան հանդիպումը Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Այստեղ բոլորը ինձ վերաբերվել են հրաշալի: Հիասքանչ քաղաք է եւ երկիր: Շատ բան եմ սովորել Մյունխենում: Այդ գիտելիքները կօգնեն ինձ ապագայում:

Պետք է հարմարվել թիմում եղած ֆուտբոլիստների խաղաոճին եւ որակներին: Այստեղ գալուս առաջին օրվանից զբաղված եմ եղել դրանով: Այս երեք տարիներին շատ բանի ենք հասել: Երեք անգամ խաղացել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Շատ բարդ է դուրս գալ այս մրցաշարի եզրափակիչ: Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը, անթերի պաշտպանվենք եւ վերահսկենք խաղը «Աթլետիկոյի» դեմ:

Այս անգամ մեր բոլոր խաղացողներն առողջ են: Եթե իմ բոլոր ֆուտբոլիստները խաղան Արտուրո Վիդալի նման ագրեսիվ, ապա կհաղթենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Բավարիա» - «Աթլետիկո» հանդիպումը մայիսի 3-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Մադրիդում կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է իսպանական թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։