Արի Զաքարյան. Իմ այցերի նպատակը հայրենիքում գեղասահքը զարգացնելն է

21:14   2 մարտի, 2016

Անաստասիա Գալուստյանին Լիլեհամեր-2016-ում անարդար դատեցին: Դրա մեղավորությունը մերն է, քանի որ մենք լավ մրցավար չունենք մեր երկրում: Երբ կունենանք լավ մրցավար միջազգային մրցաշարերում, մեր շահերը պաշտպանող, Հայաստանի արդյունքներն էլ ավելի բարձր կլինեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվգենի Պլուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը, ում նախաձեռնությամբ մարտի 5-ին Մարզահամերգահյին համալիրում օլիմպիական չեմպիոնը հանդես կգա իր շոու ծրագրով:

«Ես եկել եմ Հայաստան որպես հայկական սպորտի անդամ: Իմ այցելությունները Հայաստան մի նպատակ ունեն՝ զարգացնել գեղասահքը մեր հայրենիքում: Ես անչափ ուրախ եմ, որ հայ գեղասահորդներն այժմ ունեն Իրինա Ռոդնինայի անվան երեւանյան մարզադպրոցը: Սա մեծ քայլ է մարզաձեւի զարգացման հարցում: Մեծ առաջխաղացում է, որ հայ ծնողը ցանկության դեպքում արդեն կարող է դիմել մասնագիտացված մարզադպրոց, լավ մասնագետների:

Մարտի 5-ին Եվգենի Պլուշչենկոյի հետ հայտնի հայ գեղասահորդների մասնակցությամբ հայ հանդիսատեսին կներկայացնենք գեղասահքի ամբողջ գեղեցկությունն ու շքեղությունը: Կարծում եմ այս շոուն եւս կնպաստի Հայաստանում գեղասահքի մասսայականացմանն ու զարգացմանը: Պլուշչենկոյի շոուին իմ հրավերով կմասնակցեն նաեւ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը:

Հայաստանում գեղասահքը աստիճանաբար հասնում է իր բարձունքին: Մենք արդեն ունենք հաջողություններ՝ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր, Սլավիկ Հայրապետյանի հաջողությունները, Անաստասիա Գալուստյանի հրաշալի մասնակցությունը պատանիների Օլիմպիական խաղերին, որտեղ նրան շատ անարդար դատեցին: Անաստասիա Գալուստյանը վստահ 5-րդ տեղ պետք է զբաղեցներ, բայց մեր նկատմամբ անարդար վարվեցին: Դրա մեղավորությունը մերն է, քանի որ մենք լավ մրցավար չունենք մեր երկրում: Երբ կունենանք լավ մրցավար միջազգային մրցաշարերը դատող, մեր շահերը պաշտպանող, Հայաստանի արդյունքներն էլ ավելի բարձր կլինեն: Ունենք նաեւ հրաշալի հերթափոխ: Այս երեխաները, ում հետ վարպետության դասա անցկացրինք, նրանցից շատերը հեռանկարային են»,- ասաց Արի Զաքարյանը:

Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ գեղասահքի շոուն մարտի 5-ին է:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։