«Արսենալը» կամային հաղթանակ տարավ 10 ֆուտբոլիստներով խաղն ավարտած «Լեսթերի» նկատմամբ

17:56   14 փետրվարի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց Պրեմյեր լիգայի առաջատար «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ ավելացված 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ՝ 2:1:

Առաջին խաղակեսի վերջում «Լեսթերի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Արսենալի» իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը եւ Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուն հստակ իրացրեց 11 մետրանոցը՝ գրավելով Պետր Չեխի դարպասը: Վարդին գոլերի քակը հասցրեց 19-ի:

54-րդ րոպեից «Լեսթերը» հանդես էր գալիս տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց անգլիացի պաշտպան Դենի Սիմփսոնը:

«Արսենալը» կարողացավ օգտագործել թվային առավելությունը: Փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Թեո Ուոլքոթը 70-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:

Ավելացված 5-րդ րոպեին Դենի Ուելբեքը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

«Լեսթերը» պահպանեց առաջին տեղը՝ 53 միավոր: «Արսենալը» 51 միավորով երկրորդ տեղում է: Չեմպիոնական մրցավազքում «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն Երեւանի ժամանակով 20:15-ին:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Արսենալ» - «Լեսթեր»՝ 2:1

Թեո Ուոլքոթ, 70, Դենի Ուելբեք, 90+5 – Ջեյմի Վարդի, 45, 11մ

Հեռացում՝ Դենի Սիմփսոն, 54, երկրորդ դեղին քարտ

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 18:05-ին

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 20:15-ին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։