Շվեյցարիայի թիմի մարզիչ. Հայաստանը փայլում է աշխարհում լավագույն ըմբիշներով

23:08   10 փետրվարի, 2016

Հայաստանը փայլում է աշխարհում իր լավագույն ըմբիշներով ու շարունակում է ավանդույթները: Մեր արդյունքները դեռեւս շատ համեստ են: Ես ցանկանում եմ, որ իմ թիմը կարողանա հասնել Հայաստանի հավաքականի արդյունքների գոնե կեսին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Մալցեւը, ով այս օրերին Շվեյցարիայի թիմի 8 մարզիկների հետ Երեւանում է եւ Հայաստանի ու Բուլղարիայի հավաքականների հետ, օլիմպիական չեմպիոններ Լեւոն Ջուլֆալակյանի եւ Արմեն Նազարյանի գլխավորությամբ մասնակցում է համատեղ ուսումնամարզական հավաքի:

«Ես շատ ուրախ եմ, որ Շվեյցարիայի թիմը հնարավորություն ունի համատեղ հավաք անցկացնել Հայաստանում ազգային հավաքականի եւ Բուլղարիայի հավաքականի հետ: Սա հիանալի մտահղացում է, հրաշալի հնարավորություն շվեյցարացի ըմբիշների համար՝ ներշնչվելու օլիմպիական չեմպիոններ, մարզիչներ Լեւոն Ջուլֆալակյանից եւ Արմեն Նազարյանից, ինչպես նաեւ լավագույն մարզիկներից՝ օլիմպիական փոխչեմպիոնից, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններից:

Այս հնարավորությունը մեզ տվեց Լեւոն Ջուլֆալակյանը: Մեր ընկերական հարաբերությունների շնորհիվ, այժ  մեր թիմը մարզվում է Երեւանում: Հայաստանի թիմը աշխարհում ուժեղագույններից է, պատահական չէ, որ ձեր թիմում ունեք օլիմպիական փոխչեմպիոն, օլիմպիական մեդալակիրներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ:

Մենք շատ բան ունենք Հայաստանի թիմից սովորելու: Անգամ միայն հետեւելը հայ ըմբիշների մարզումներին, արդեն բավարար է որոշակի հնարքների սովորելու, տիրապետելու համար, մենք մշտապես զարգանալու, աճելու տեղ ունենք: Մեր թիմը թույլ է իր նվաճումներով, այդ պատճառով ես փորձում եմ հնարավորինս շատ ստեղծել նման թիմերի հետ հանդիպումներ եւ հնարավորություններ: Շնորհակալ եմ Հայաստանին, հայերին, Լեւոն Ջուլֆալակյանին, հայ մարզիկներին ջերմ ընդունելության համար:

Վստահ եմ, որ արդյունավետ կլինի այս հավաքը մեր թիմի համար, իսկ արդյունքներին կսպասենք Եվրոպայի առաջնությունում: Միտումնավոր ընտրել եմ երիտասարդ ըմբիշերի այս հավաքի համար, որպեսզի նրանք հասկանան ինչի հետ գործ ունեն, ինչպիսին է իրական ըմբիշը, որն է իրական սպորտը, մարզումները, աշխատանքը եւ ինչպես պետք է հասնել արդյունքների»,- ասաց Շվեցարիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։