Արթուր Աբրահամ. 7-րդ անգամ եմ արժանանում այս կոչմանը, բայց ամեն անգամ հուզվում եմ

17:40   4 փետրվարի, 2016

Այս կոչումը ոչ միայն հաճելի է, այլեւ միաժամանակ պարտավորեցնող է` արդարացնել երկրպագուների սպասելիքները:

Այս մասին NEWS.am Sport-ի համար մեկնաբանությունում ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

«Ինձ համար մեծ պատիվ է BoxSport ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների քվեարկության արդյունքում հաղթել եւ արժանանալ «Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ» կոչմանը: Շատ հաճելի էր, երբ իմացա այդ մասին: Թեեւ արդեն 7-րդ անգամն է, որ արժանանում եմ այս կոչմանը, այնուամենայնիվ, ամեն անգամ առանձնահատուկ հուզվում եմ: Իմ անսահման սերն ու խորին երախտագիտությունը՝ ժյուրիին, իմ մարտարվեստի երկրպագուներին, իմ մարզիչ Ուլի Վեգներին, «Զաուերլանդ իվենթ» փրոմոութերական կազմակերպությանը այս կոչման համար»,- նշել է հայ բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ: 

Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։