Փաշիկ Ալավերդյան. Նվաճեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր

00:11   30 նոյեմբերի, 2015

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը:

«Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Մենք ձեռք բերեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Ամեն մրցումից հետո մարզիչներն ու մարզիկները կանգնում են նոր խնդիրների առջեւ, որոնց պետք է լուծում տալ, աշխատել դրանց վրա մինչեւ հաջորդ մրցումները: Այստեղ էլ տեսաք՝ խնդիրներ առաջացան Տիգրան Մարտիրոսյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հետ: Ինչ վերաբերում է երիտասարդ Սիմոնին, պետք է մտածել՝ ինչպես անել, որ նա քաշ գցելուց հետո կարողանա ցույց տալ իր մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները»,- Փաշիկ Ալավերդյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հյուսթոնում հայ ծանրորդներից լավագույն արդյունքը ցուցադրեցին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու գերծանրքաշային Գոռ Մինասյանը, որոնք երկամարտում գրավեցին չորրորդ տեղը եւ նվաճեցին նաեւ մեկական փոքր բրոնզե մեդալ: Պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նույնպես բրոնզե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում, իսկ երկամարտում 5-րդն էր:

Վանիկ Ավետիսյանը (69 կգ) գրավեց 12-րդ տեղը, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը 8-րդն էր, իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը զրո ստացավ 77 կգ քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։