Նեյմարի դուբլը, Սուարեսի գեղեցիկ գոլն ու «Բարսելոնայի» վստահ հաղթանակը

20:52   28 նոյեմբերի, 2015

Իսպանական Պրիմերայի 13-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

Կատալոնացիներն ակտիվ սկսեցին խաղը եւ մի քանի գոլային պահ կորցնելուց հետո բացեցին հաշիվը: 22-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը: Առաջին խաղակեսում հյուրերը եւս չէին մոռանում գրոհելու մասին, սակայն «Բարսելոնայի» դարպասի մոտ իրական գոլային պահեր չեղան: Խաղակեսի վերջնամասում կատալոնական ակումբը խփեց երկրորդ գոլը, որը ստացվեց շատ գեղեցիկ: Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, իսկ ուրուգվայցի Լուիս Սուարեսն անթերի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ: Բրազիլիայի հավաքականի ավագը 14 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը եւ 2 գնդակ առաջ անցավ Լուիս Սուարեսից: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց վերջերս վնասվածքից վերականգնված Լիոնել Մեսին, որը չորրորդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում:

Լուիս Էնրիկեի թիմը տարավ 11-րդ հաղթանակը եւ 9 միավոր առաջ անցավ երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ նոյեմբերի 29-ին կհյուրընկալվի «Էյբարին»:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 4:0

Նեյմար, 22, 53, Լուիս Սուարես, 53, Լիոնել Մեսի, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։