Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը դարձել է պահանջատեր

20:11   26 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

«Շուրջ 2 ամիս է, ինչ ավարտվել է Եվրո-2016-ի ընտրական փուլը, համենայն դեպս մեզ համար, սակայն դժվար թե գտնվի մեր հավաքականով ու մեր ֆուտբոլով հետաքրքրվող մեկը, ով ասի, թե ամեն ինչ մոռացված է ու պետք չէ փնտրել պատասխաններ ֆուտբոլային խայտառակության համար:

Խմորումներ հավաքականի ներսում, փորձառու, սակայն անկարող ու անարդյունավետ մարզչի փոփոխություն անփորձ ու էլի անարդյունք մարզչով, առաջատար ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնասվածքներ, ֆուտբոլիստների կողմից հանդիպում վաճառելու խայտառակ լուրեր, ֆուտբոլասերների զայրույթ. արդյունքում երկու տարի առանց հաղթանակների, վատագույն ընտրական փուլ հավաքականի պատմության ընթացքում, վաստակած 2 միավոր, ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական ու նորից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու երազանք:

Այս ամենը ունի պատճառներ, որոնց մասին մենք` ֆուտբոլասերներս, պետք է իմանանք պատասխաններ, իսկ դուք` ֆուտբոլային չինովնիկներ, պետք է անեք հետեւություններ: Ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը դարձել է պահանջատեր` ֆուտբոլային պահանջատեր` ցույց տալով, որ ֆուտբոլը հասարակական երեւույթ է ու պատկանում է հասարակությանը։ Ֆուտբոլը հնարավոր չէ սեփականաշնորհել ու փակ պահել դռները ֆուտբոլային հանրության համար: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ ֆուտբոլային պատասխանատուներից պահանջում ենք հանդիպում, թափանցիկ մեկնաբանումներ լրատվամիջոցների ներկայությամբ, հարց ու պատասխան ֆան շարժման հետ»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։