Գերմանիայի Գավաթ. «Բորուսիան» խփեց 7 գոլ, Մխիթարյանը վերադարձը նշեց գոլով ու գոլային փոխանցումով

23:48   28 հոկտեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Երկրորդ շրջանում Թոմաս Տուխելի թիմը Դորտմունդում հանդիպեց Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Պադերբորնին» եւ կամային հաղթանակ տարավ 7:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2 խաղ բաց թողնելուց հետո ընդգրկվել էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում եւ, հանդես գալով առանց փոխարինման, վերադարձը նշեց գոլով:

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց հյուրերի խորվաթ հարձակվող Սրջան Լակիչը, սակայն դորտմունդցիներն առաջին խաղակեսում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլեւ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությումբ: Ընդմիջումից հետո տանտերերը խփեցին եւս 4 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ: Խաղի վերջակետը 89-րդ րոպեին դրեց Հենրիխ Մխիթարյանը, որը գոլ խփելուց 2 րոպե առաջ գոլային փոխանցում էր կատարել լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկին:

«Պադերբորնի» գլխավոր մարզիչը գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Շտեֆան Էֆենբերգն է: Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Գերմանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բորուսիա Դ.» - «Պադերբորն»՝ 7:1

Ադրիան Ռամոս, 25, Գոնսալո Կաստրո, 30, 58, Սինձի Կագավա, 43, Իլկայ Գյունդոգան, 55 (11մ), Լուկաշ Պիշչեկ, 87, Հենրիխ Մխիթարյան, 89 – Սրջան Լակիչ, 21



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։