Ռոման Բերեզովսկի. Հայ ֆուտբոլիստները չէին կարող խաղը վաճառել ալբանացիներին

20:25   13 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ալբանական ու սերբական մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանի ազգային թիմը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղը վաճառել է ալբանացիներին: Opozita.com-ի համաձայն՝ հայկական կողմը 2 միլիոն եվրո է ստացել այդ պարտության համար:

«Ձեզանից եմ իմանում այդ մասին: Ամեն դեպքում, բարդ է հավատալ դրան: Չեմ պատկերացնում, թե ինչպես է դա ընդհանրապես հնարավոր: Հնարավոր է, որ դա պարզապես սերբ լրագրողների մեքենայությունների հետեւանքն է: Գուցե սերբերին դուր չի եկել, որ ալբանացիները նվաճել են Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ նրանք՝ ոչ:

Իսպանիային նույնպես հաղթանակ պետք չէր վերջին տուրում, սակայն նրանք հաղթեցին Ուկրաինային: Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի մոտիվացիայի բացակայության մասին խոսք լինել չի կարող: Դու պաշտպանում ես երկրի մարզական պատիվն ու խաղում երկրպագուների առջեւ: Չեմ հավատում, որ ինչ-որ մեկին հնարավոր էր գնել: Պարզապես այդպես ստացվեց: 6-րդ րոպեին չկարողացան իրացնել գոլային պահը եւ գոլ բաց թողեցին: Եթե գրում են նման բաներ, թող ապացուցեն: Հակառակ դեպքում պետք է ներողություն խնդրել»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում ալբանացիները հաղթել էին 3:0 հաշվով եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել էին Եվրոպայի առաջնության ուղեգիր: կարիերան ավարտելուց հետո Ռոման Բերեզովսկին մարզչական աշխատանքի է անցել Մոսկվայի «Դինամոյում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։