Սպորտի նախարար. Հովհաննես Զանազանյանը հիանալի մարզիչ ու մանկավարժ էր

17:10   5 հոկտեմբերի, 2015

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել հայ լեգենդար ֆուտբոլիստ Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի անփոխարինելի ավագ, ֆուտբոլասերների մի քանի սերունդների սիրելի Հովհաննես Զանազանյանի մահվան մասին: Մի մարդ, ով ոչ միայն փորձառու եւ հմուտ ֆուտբոլիստ էր, այլ նաեւ հիանալի մարզիչ ու մանկավարժ: 

Հովհաննես Զանազանյանը, ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, չհեռացավ սիրած մարզաձեւից եւ, որպես մարզիչ, սիրով իր փորձն ու հմտությունը փոխանցեց ավելի երիտասարդ ֆուտբոլիստներին: 

Իրավամբ բոլորիս համար անդառնալի է նրա կորուստը:  

Անկեղծ ցավակցում եմ հայտնի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին եւ բարեկամներին: Ավարտվեց նրա երկրային կյանքը, սակայն Հովհաննես Զանազանյան մարդու, մարզիկի, մարզչի եւ մանկավարժի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»,- նշվում է ուղերձում, փոխանցում են Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ Հովհաննես Զանազանյանը հոկտեմբերի 4-ին 68 տարեկանում մահացել է տեւական ծանր հիվանդությունից հետո: Նրա հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 5-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում եւ կսկսվի ժամը 18:00-ին: «Արարատ-73»-ի ավագի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։