Եվրո-2016. Հայաստան - Դանիա՝ 0:0 (առաջին խաղակես)

20:46   7 սեպտեմբերի, 2015

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Դանիա հանդիպման առաջին խաղակեսում հաշիվը չի բացվել:

Խաղի արդեն երկրորդ րոպեին դանիացիներն իրացրին վտանգավոր տուգանային հարված, բայց Գեւորգ Կասպարովը փրկեց դրությունը: Մեկնարկային րոպեներին հյուրերն ունեին տարածքային առավելություն եւ փորձում էին խփել արագ գոլ, իսկ Հայաստանի հավաքականը դժվարությամբ էր անցնում կենտրոնը: Դաշտի տերերն ակտիվացան 15-րդ րոպեից, երբ դանիացիների դարպասի մոտ լարվածությունը մեծացավ, սակայն գործն իրական գոլային պահերի չհասավ: Խաղի հաշիվը կարող էր բացվել 19-րդ րոպեին, երբ Գեւորգ Ղազարյանը հարմար դիրքից հարվածեց, սակայն շեղ ստացվեց:

Խաղակեսի միջնամասում խաղը հավասարվել էր, եւ անցնում էր առանց գոլային պահերի: Դանիացիները հաճախ էին ստանում անկյունային հարվածի իրավունք, բայց դրանք շատ վտանգավոր չէին ստացվում: Խաղակեսի վերջնամասում թիմերը վառ գործողություններով աչքի չընկան: Միայն վերջնամասում սուր էր տանտերերի գրոհներից մեկը, որի ժամանակ թե՛ Կամո Հովհաննիսյանի, թե՛ Հենրիխ Մխիթարյանի հարվածները չստացվեցին:

Ընդմիջում է:

Թիմերն այս հանդիպմանը մոտենում են տարբեր խնդիրներով: Դանիացիներն ունեն 11 միավոր եւ Ալբանիայի հետ բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ Հայաստանը մեկ միավորով Սերբիայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ կորցրել է խմբից դուրս գալու շանսերը: Հաղթանակի դեպքում Դանիայի հավաքականը կարող է դառնալ խմբի առաջատար, քանի որ 12 միավոր ունեցող Պորտուգալիան արտագնա հանդիպում է անցկացնելու ալբանացիների հետ:

Եվրո-2016, ընտրական փուլ

Հայաստան - Դանիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Հայաստան

Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան (ա), Գեւորգ Ղազարյան, Կամո Հովհաննիսյան, Մարկոս Պիզելի, Յուրա Մովսիսյան:

Դանիա. Կասպեր Շմեյխել, Լարս Յակոբսեն, Դանիել Ագեր, Սիմոն Կյաեր, Ռիզա Դուրմիսի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Յակոբ Պոուլսեն, Յուսուֆ Յուրայ Պոուլսեն, Նիկոլայ Յորգենսեն, Միկայել Կրոն Դելի, Նիկլաս Բենդտներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։