Սերբիայի հավաքականի կիսապաշտպանները՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի մասին (ֆոտո)

12:55   5 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ տնային հաղթանակի մասին:

«Հիանալի է, որ վերջապես հասանք հաղթանակի: Ցավոք, Նովի Սադում զգալ էր տալիս երկրպագուների բացակայությունը, որպեսզի լիովին վայելեինք հաղթանակը: Դուք տեսաք, թե ինչ պոտենցիալ ունի մեր թիմը: Առջեւում Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղն է, որը լավ հնարավորություն է ցուցադրել, թե ինչ մակարդակի թիմ ենք մենք»,- Մատիչի խոսքը մեջբերում է Novosti.rs-ը:

Հայաստանի նկատմամբ հաղթանակին անդրադարձել է նաեւ Բելգրադի «Պարտիզանի» կիսապաշտպան Ադրիա Ժիվկովիչը, ում հասցեագրված փոխանցումից հետո Երեւանի «Փյունիկի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը դարձել էր ինքնագոլի հեղինակ՝ խփելով սերբերի առաջին գոլը:

«Կարծում եմ՝ կարեւոր չէ՝ գոլը խփեցի ես, թե գրանցվեց ինքնագոլ: Գլխավորը Սերբիայի հավաքականի հաղթանակն է: Այժմ մտածում ենք ֆրանսիացիների դեմ խաղի մասին: Դա կլինի ավելի բարդ փորձություն, քան այս հանդիպումը»,- ասել է Ադրիա Ժիվկովիչը:

Տպավորությունների մասին պատմել է նաեւ «Պարտիզանի» 23-ամյա կիսապաշտպան Դարկո Բրաշանաչը, որը Հայաստանի դեմ խաղում նորամուտը նշեց Սերբիայի ազգային հավաքականում.

«Կյանքիս գլխավոր իրադարձություններից էր: Շատ գոհ եմ իմ նորամուտից, բացի այդ շուտով ամուսնանում եմ: Վերջապես մենք հաղթեցինք ընտրական փուլում, իսկ այսօր դա ամենակարեւորն էր: Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղին թիմակիցներիս կմիանամ հարսանիքիցս հետո»,- նշել է Դարկո Բրաշանաչը:

Հիշեցնենք, որ սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայացած եւ առանց հանդիսականների անցած խաղում տանտերերը խփեցին 2 անպատասխան գոլ՝ տանելով առաջին հաղթանակը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։