Ռադովան Չուրչիչ. Կազմակերպված խաղ էինք սպասում հայերից

11:50   5 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ տնային հաղթանակը Եվրո-2016-ի ընտրական խաղում:

«Գրոհելու եւ հարձակողական ֆուտբոլ խաղալու ցանկությունը մեծ էր իմ թիմի մոտ, այդ պատճառով գոհ եմ: Իհարկե, սրանք դեռ մեր առավելագույն հնարավորություններ չեն, սակայն մենք ժամանակ ունենք նոր թիմ ստեղծելու եւ արդյունքի հասնելու համար:

Մենք կազմակերպված խաղ էինք սպասում հայերից, որոնց խաղն ուսումնասիրել էինք: Հայաստանի հավաքականի այս ֆուտբոլիստները երկար տարիներ խաղում են միասին, եւ առաջին խաղակեսում մենք խնդիրներ էինք ունենում խաղադաշտի կենտրոնում: Հայաստանի թիմի երկար փոխանցումները եւս վտանգավոր էին մեզ համար: Մրցակցի ֆուտբոլիստներն ակտիվորեն փոխում էին դիրքերը, ինչին մենք երկրորդ խաղակեսին արդեն սովորեցինք: Հայերն ունեն հիանալի թիմ, բայց մենք ցանկանում էինք հաղթել եւ վաստակել 3 միավոր: Խաղադաշտ էինք դուրս բերել 3 նորեկների, որոնք լավ դրսեւորեցին իրենց: Դա կլինի մեր առավելությունը, իսկ մենք կշարունակենք աշխատել խաղի որակի վրա,- Չուրչիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» ստադիոնում կայացած եւ առանց հանդիսականների անցած խաղում սերբերն առավելության հասան 2:0 հաշվով՝ տանելով առաջին հաղթանակը: Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երեւանում՝ ընդունելով դանիացիներին:




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։