Հենրիխ Մխիթարյանը նվերներ հանձնեց երեխաներին եւ ստացավ ոսկե գրիչ (ֆոտոշարք)

15:33   2 սեպտեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սեպտեմբերի 2-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մասնակցեց բարեգործական միջոցառման:

«Ողջունում եմ բոլորին եւ հատկապես՝ երեխաներին: Քանի որ այսօրվա հանդիպումը կրում է բարեգործական բնույթ, ես էլ իմ կողմից որոշ նվերներ ունեմ հանձնելու երեխաներին: Նրանց մաղթում եմ առողջություն այս կյանքում, նպատակների իրականացում ու հաջողություն»,- ասաց Մխիթարյան, որը երեխաներին հանձնեց գնդակներ, մարզաշապիկներ ու գլխարկներ՝ իր ստորագրությամբ:

Միջոցառման ընթացքում «Tecbuy» եւ «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը եւ Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների եւ ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:

Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի եւ Էջմիածնի տաճարները եւ այլն:

Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով ստորագրեց գնդակների վրա, որոնք կնվիրաբերվեն միջոցառմանը ներկա Հայկական Կարիտաս կազմակերպության 30 շահառու երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երեւանից: Երեխաների մեջ կային նաեւ Հայաստանում հանգրվանած սիրիահայեր:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականի հետ մեկնելու է սերբական Նովի Սադ քաղաք, որտեղ մեկ օր անց կայանալու է սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղը:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի / NEWS.am Sport



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։